Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում

Sevan parzabanum 880x660 - Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում

 Մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաև տարբեր լրատվամիջոցների կողմից:

 Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին և հետագայում ՀՀ Կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրև անվտանգության գոտի և անցակետ:

 Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան:

Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ