Սեպտեմբերի 25 Բշ. ԲՁ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Առակներ

9բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։ 10Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։ 11Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։

Եսայի

10Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։ 12Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։ 13Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»։

Բ Կորնթացիներ

5 Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։ 2Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։ 3Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. 4քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։ 5Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

12Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։