Սեպտեմբերի 2 Շբ. ԲԿ. Սրբոց առաքելոցն Թովմայի, յակովբայ եւ Շմաւոնի

Իմաստութիւն 1.1-16, ԵՐԵՄԻԱ 16.16-21, ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1.12-14, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13

Իմաստութիւն

 ՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ
1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ:
Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին
եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան:
2 Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան,
եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ:
3 Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց,
իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին:
4 Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ
եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում:
5 Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից
ու մերժում անմիտների խորհուրդները,
եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն:
6 Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան,
ով հայհոյում է իր բերանով,
որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին,
նրա սրտի ճշմարիտ վերակացուն է
եւ նրա լեզուի ունկնդիրը:
7 Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը,
եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում:
8 Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում,
չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից:
9 Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի,
նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը,
եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը:
10 Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան,
եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ:
11 Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից
եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն,
որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի,
եւ ստախօս բերանը կը սպանի հոգին:
12 Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք
եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով:
13 Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել,
եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար:
14 Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար,
եւ աշխարհի գործերը փրկութեան համար են:
Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ
ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ,
15 որովհետեւ արդարութիւնը անմահ է:
16 Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը,
նրան իրենց բարեկամ համարեցին,
հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ.
եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան:

ԵՐԵՄԻԱ

16 «Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, — ասում է Տէրը, — եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»:
19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն,
իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն.
աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու.
«Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը,
իսկ նրանցից օգուտ չկար:
20 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի,
բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»:
21 «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը,
ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը,
ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

12 Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ: 13 Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: 14 Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

6 Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ:
Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: 7 Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: 8 Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 9 այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: 10 Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք: 11 Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»: 12 Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: 13 Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում: