Սեպտեմբերի 13 Եշ. ԳԿ. Դ օր Ս. Խաչի պահոց

Astvacashunch yntercumner11 880x660 - Սեպտեմբերի 13 Եշ. ԳԿ. Դ օր Ս. Խաչի պահոց

Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Բ Կորնթացիներ

10Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները։ 11Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ. 12որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար։ 13Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին։ 14Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ։ 15Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար։
10 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ։ 2Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում. 3որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

13Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ։ 14Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան։ 15Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։ 16Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ 18Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»։ 19Եւ նրան բերեցին իր մօտ։ Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում։ 20Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկութիւնից։ 21Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»։ 22Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։ 23Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։ 24Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»։ 25Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ։ 26Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց։