Սահմանե՛ք ձեզ համար առաջնահերթությունները (առակ)

Դասախոսը կանգնած էր իր փիլիսոփայության լսարանում, և նրա դիմաց որոշ իրեր էին դրված: Երբ դասը սկսվեց, նա լուռ բարձրացրեց մայոնեզի մի մեծ ու դատարկ տարա և սկսեց այն լցնել գոլֆի գնդակներով: Հետո նա հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն էր: Ուսանողները ասացին, որ այն լիքն էր:

 Հետո դասախոսը վերցրեց խճաքարերի մի տուփ, և խճաքարերը լցրեց տարայի մեջ: Թեթև թափահարեց տարան: Խճաքարերը լցվեցին գոլֆի գնդակների մեջ եղած ազատ տարածության մեջ: Հետո նա նորից հարցրեց ուսանողներին, թե արդյոք տարան լիքն է: Ուսանողները համաձայնեցին, որ լիքն է:

 Այնուհետև դասախոսը վերցրեց մի տուփ ավազ և տուփի պարունակությունը դատարկեց տարայի մեջ: Բնականաբար, ավազը լրացրեց մնացած ազատ մասը: Նորից հարցրեց, թե արդյոք տարան դատարկ է: Ուսանողները միաձայն պատասխանեցին. «Այո՛»:

 Հետո դասախոսը սեղանի տակից հանեց երկու բաժակ սուրճ և դատարկեց տարայի մեջ` լցնելով ավազահատիկների միջև եղած ազատ տարածությունը: Ուսանողները ծիծաղեցին:

 — Հիմա, — ասաց դասախոսը, երբ ծիծաղը դադարեց, — ես ուզում եմ` դուք հասկանաք, որ տարան ներկայացնում է ձեր կյանքը: Գոլֆի գնդակներն ամենակարևոր բաներն են` ձեր ընտանիքը, ձեր երեխաները, ձեր առողջությունը, ձեր ընկերները, ձեր սիրելի զբաղմունքները. բաներ, որոնց շնորհիվ արդեն լի կլիներ ձեր կյանքը, եթե ուրիշ ոչինչ չունենայիք: Խճաքարերը մյուս բաներն են, որոնք նշանակություն ունեն ձեզ համար. ձեր աշխատանքը, ձեր տունը, ձեր մեքենան: Ավազահատիկները խորհրդանշում են մնացած մանր-մունր բաները:

— Եթե դուզ սկզբից լցնեիք ավազը, — շարունակեց նա, — այլևս տեղ չէր մնա խճաքարերի և գոլֆի գնդակների համար: Այդպես է նաև կյանքում. եթե դուք ձեր ամբողջ ժամանակը և էներգիան ծախսեք մանր-մունր բաների վրա, դուք երբեք ժամանակ չեք ունենա ձեզ համար կարևոր բաների համար: Ուշադրություն դարձրեք այն ամենի վրա, ինչ կարևոր է ձեր երջանկության համար: Խաղացե՛ք ձեր երեխաների հետ: Ժամանակ գտե՛ք բժշկական ստուգումների համար: Ձեր կնոջը հրավիրեք ինչ-որ տեղ ճաշելու: Միշտ ժամանակ կմնա տունը մաքրելու համար: Սկզբից հոգ տարեք գոլֆի գնդակների համար. այն բաների, որոնք իսկապես կարևոր են: Սահմանե՛ք ձեզ համար առաջնահերթությունները: Մնացածը պարզապես ավազ է:

Գրառում՝ Սուրեն սրկ. Գևորգյան