Ս. Սուքիասյանց քահանաներ (Ա-Բ դդ.)

surb Suqyasyaner - Ս. Սուքիասյանց քահանաներ (Ա-Բ դդ.)

 (Նահ. Ք.ծ.հ.130 կամ 140/ 150, Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ կամ Սուկավետ (Սուքիասյան) կոչված լեռներում), նահատակների խումբ, տոնելի:

 Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյաք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում, որը, ինչպես կարծում են, հետագայում նրանց անվամբ կոչվել է Սուկավ կամ Սուկավետ: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Վկայաբանության մեջ հանվանե հիշատակված են սրանց մկրտական անունները. Սուքիաս, Ղուկիանոս, Պողիքտես, Կոդրատոս, Անտիոքոս, Իքսորոն, Մեմնաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս, Զոսիմոս, Բիկտորիոս, Թալկիսոս, Հորդանես, Անաստաս, Թեոդորոս և այլն (մոտ 60–70 հոգի): Ըստ Հայսմավուրքի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցել է եկեղեցի: VII– IX դդ. Սուքիասյանց վկայաբանությունը թարգմանվել է վրացերեն:

 Հայ եկեղեցին ս. Սուքիասյանց հիշատակը տոնում է Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ հիշյալ օրը տոնվում է Տյառնընդառաջը՝ ս. Ատոմյանց հիշատակի հետ: Սուքիասյանց նվիրվել է շարական՝ «Շարական սրբոց Սուքիասանց». «Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով զմարգարէն, ով ելցէ ի լեառըն տեառն սրբութեան: Ահա տեսաք զՍուկաւետ լեառըն դիտակ և բնակարան վըկայեացն…» (Շարական, ԿՊ, 1853, Էջ 634):

Պատրաստեց Քնարիկ Տեր-Դավթյանը
Աղբյուր՝ Ք. Հ. հանրագիտարան, Երևան, էջ՝ 945