Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄ

Kayazor 1 880x660 - Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄ

 Ս. Գևորգ զորավարը հայ ժողովրդի սիրելի սուրբերից է։ Ծնունդով կապադովկիացի տիեզերահռչակ զորավարը ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ և քաջ զորական լինելու շնորհիվ հասել էր հազարապետի աստիճանի։

 Երբ Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգին հալածանքներ են սկսվում, մահվան սպառնալիքն արհամարհելով՝ կայսեր առաջ Գևորգն արիաբար խոստովանում է իր հավատը: Նրան բազում տանջանքների են ենթարկում, որոնք, սակայն, սուրբին սասանել չեն կարողանում: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից հեթանոսները զարհուրում են, նրանցից շատերն էլ խոստովանում, որ քրիստոնյաների Աստվածը զորավոր է, և դարձի գալիս: Նրանց թվում էր նաև Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, վերջինս հավատում է Քրիստոսին և Գևորգի հետ մահվան դատապարտվում: Մինչ այդ զանազան կտտանքների ենթարկված և երկու անգամ մեռած ու հարություն առած Գևորգ քաջամարտիկ զորավարին ի վերջո նահատակում են գլխատելով:

 Ս. Գևորգի մասին ավանդությունը պատմում է, որ նա վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրև կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը և հաղթանակը սատանայի նկատմամբ: Իբրև ավանդության արտացոլում՝ Ս. Գևորգ զորավարը պատկերվում է նժույգ հեծած՝ վիշապին գեղարդով խողխողելիս։

 ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության 20-ամյա հոբելյանի շրջանակներում անցյալ տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ օրհնվեցին ու զորատեսակներին հանձնվեցին խաչվառներ՝ դրանցից յուրաքանչյուրը հանձնելով որևէ սուրբի բարեխոսության։ Հրթիռահրետանային զորքերի բարեխոս ու հովանավոր սուրբը քաջամարտիկ Ս. Գևորգն է, ով նահատակության գնաց «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ հոգին չեն կարող սպանել: Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. Ժ 28, 32) խոստմանը վստահելով:

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցը այս տարի սեպտեմբերի 30-ն է սահմանել իբրև Ս. Գևորգի հիշատակության ու նրա բարեխոսությունը խնդրելու առանձնահատուկ օր։ Սուրբի պատվին անվանակոչված բոլոր եկեղեցիներում այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց։

 Իբրև նոր ձևավորվող ավանդույթ՝ այդ եկեղեցիների շարքը գալիս են լրացնելու նաև հրթիռահրետանային զորամասերը։ Բացառություն չէր Շիրակի կայազորի կենտրոնական զորամասը, որտեղ վաղ առավոտյան, չնայած պաղ եղանակին, շարահրապարակում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչը կայազորի ավագ գնդերեց Տ. Հակոբ քհն Գրիգորյանն էր։ Ս. Պատարագը սպասավորում էին զորամասի գնդերեց Հարություն սրկ Տերտերյանը, Ռոման սրկ Փանիկյանն ու դպրաց դասը։ Ներկա սպայակազմն ու զորքը, օրվա խորհրդին համահունչ, միասնաբար աղոթելու առիթ ու հնարավորություն ունեցան, իսկ ավելի քան երկու տասնյակ սպաներ ու զինվորներ հաղորդվեցին մեր Տիրոջ Մարմնին ու Արյանը։

 Սրբազան արարողակարգի ավարտին պատարագիչ քահանան ներկայացրեց սուրբի վարքն ու օրվա ավետարանական ընթերցվածը՝ հորդորելով նմանվել Ս. Գևորգին և ապրել ու գործել այնպես, որ անցյալի համար ամաչելու ու Տիրոջ աչքից թաքնվելու մղում չառաջանա։ Տեր հայրը նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարի քաջամարտիկ զորավարի տոնին աղոթքի կանգնելու հնարավորություն կընձեռվի ավարտին հասցվելիք կայազորային եկեղեցում։

Kayazor 2 - Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄKayazor 3 - Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄKayazor 1 - Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄ

Շիրակի կայազորի ավագ գնդերեց
Հակոբ քահանա Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդություն ֆեյսբուքյան էջից