Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870 — 1905)» (խմբ.՝ Ա. Հովհաննիսյան, Երևան, 1970) աշխատությունը:

 Բազմադարյա պատմություն ունի հայ ժողովրդի մշակույթը: Սկիզբ առնելով խոր անցյալում, այն կտրել է երկար ու համառ պայքարի ճանապարհ, կրել է բազմաթիվ ազդեցություններ, հարստացրել հարևան ժողովուրդների մշակույթը, բայց մնացել է միշտ խորապես ազգային, ինքնատիպ:

 Իրերի բերումով երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով օտար նվաճողների ու վայրագ ցեղերի ասպատակություններին, հայ ժողովուրդը երբեք չի կորցրել իր հոգեկան կորովը, միշտ միջոցներ ու հնարներ է գտել մշակութային կյանքի ամենաբազմազան դրսևորումներում արտահայտելու իր հույզերն ու ձգտումները, միշտ եկող սերնդին ավանդել է աչքի լույսի պես պահպանել նախնիների ստեղծած հոգևոր արժեքները՝ հանուն լուսավոր ապագայի, հանուն ազգային գոյատևման, որին նա խորապես ու սրբությամբ հավատացել է:

 Դրա համար էլ դպրոցը, աճող սերնդի կրթության ու լուսավորության գործը որոշակի ու կարևոր տեղ են ունեցել ժողովրդի հոգեկան ոգորումների ոլորտում: Հայ գրերի գյուտից հետո դպրոցը նոր նշանակություն է ստանում, դառնում է ժողովրդի ազգային գոյամարտի ակնառու կռվաններից մեկը: Սկզբում հանդես գալով որպես պետական կազմակերպություն, դպրոցը հետագայում ստիպված էր ծվարել եկեղեցու շուրջը, մտնել վանական խուցերը, կրելով ազգային ինքնավար ոգու պահպանության ծանր ու պատվավոր հոգսը:

(Հատված «Ներածություն»-ից)