Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաններն արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը

 Հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում կայացած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումից հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայկական եկեղեցու առաջնորդարանում հանդիպեց և իր օրհնությունը բաշխեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականներին, որոնք Մոսկվա էին ժամանել քահանաների տարեկան ժողովին մասնակցելու։

 Վեհափառ հայրապետը բարեողջույնի և օրհնության խոսք ասաց հոգևորականներին՝ ուրախությամբ նշելով, որ թեմական կյանքում կատարվող հոգևոր, կրթական և սոցիալական բնույթի աշխատանքներն օր օրի առավել նկատելի են դառնում, որի շնորհիվ հավատացելոց հոգևոր կյանքը զորանում է, իսկ թեմը՝ ծաղկում։ Խոսելով հոգևոր դասի նվիրյալ և անձանձիր ծառայության մասին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր գնահատեց արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ առաջնագիծ մեկնած 3 հոգևորականների՝ Տեր Սեբեոս քհն․ Ղալաչյանի, Տեր Արիստակես քհն․ Հովհաննիսյանի և Տեր Աշոտ քհն․Ղազարյանի պատրաստակամությունը՝ հայրենիքի պաշտպանության սուրբ ու նվիրական գործում վերջիններիս բերած անսակարկ և նվիրյալ ծառայության համար։

Վեհափառ հայրապետն իր խորին ցավակցությունն ու վշտակցությունը հայտնեց Տ․ Գառնիկ քհն․ Լոռեցյանի անդրանիկի զավակի՝ Նարեկի արցախյան պատերազմում զոհվելու առիթով։

Հանդիպման ընթացքում հայոց հովվապետը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումից, պատասխանեց քահանաների մի շարք հարցերին։

Զրույցի ավարտին, որպես բարի հիշատակ հանդիպումից, հոգևոր դասը լուսանկարվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ապա թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի ուղեկցությամբ Վեհափառ հայրապետը և պատվիրակության անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։