Ռուբեն Սևակի թանգարարանը համալրվել է պատմական կտավով

32853906 825792757591046 1343503892318519296 n 794x660 - Ռուբեն Սևակի թանգարարանը համալրվել է պատմական կտավով

Հոգեկան ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ ազգիս Շնորհազարդ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կերտվեց, կենդանապատկերվեց մերազնյա պատմության այս նոր շրջանի կարևորագույն դեպքը, իրադարձությունը, որը բարձրակետն է մեր ազգի հարազատ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգապահպանության և հայրենապաշտության նկարագրի, հավատամքի և առաքելության:
Շնորհալի Միքայել Հարությունյանն իր սքանչելի արվեստով մեր աչքերի առջև պատկերել է այն բեկումնային պահը, երբ Երանաշնորհ Գևորգ Ե. Հայրապետն արարատային անհողդողդելիությամբ է պատասխանում իրեն արված առաջարկությանը՝ ապահովությունից ելնելով թողնել աստվածակառույց Սբ Էջմիածինը և բարձրանալ Սևան. «Գնացե՛ք, ասացե՛ք, որ Կաթողիկոսն այս սուրբ վայրից պիտի չհեռանա: Ինչ որ իրեն ավանդ է տրված իր հայրերից, նա պարտավոր է պաշտպանել, եթե նույնիսկ հարկավոր լինի ընկնել այս Սուրբ Տաճարի մեջ: Եթե հայ ժողովուրդը, հայ զինվորը չեն կարող պաշտպանել աստվածատուր և Միածնի էջքով կրկնապես սրբացած այս սուրբ վայրը, ինքը մենակ կմնա՝ նրան պաշտպանելու համար»:
Արդարև, Հայոց Հայրապետը ոչ միայն մնաց, այլև իր այդ քաջարի կեցվածքով հաղթության առաջնորդեց հայ զորականներին և ժողովրդին. ավարտվեց հայոց գողգոթան և բացվեց արշալույսը հայոց հաղթության:
Ահա, սիրելիներ, ի հեճուկս այլևայլ չար խոսքերի և նենգ անձերի՝ Հայոց Եկեղեցին այսօր էլ և հավիտյան քարոզում է մեր լույս հավատքը և ստեղծագործ ու շինարար իր կյանքն է ապրում:
Անհուն ուրախությամբ է լեցուն հոգիս, որ Սբ Էջմիածնի գանձերի շարքը եկավ համալրելու այս կտավը: Ստեղծագործություն, որն իրագործվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և հոգածությամբ: Մի խորհրդանշական պատկեր, որն իր արժանի տեղն է զբաղեցնելու Երանաշնորհ Վազգեն Ա. Հայրապետի օրհնությամբ ստեղծված «Հայոց Այբուբեն» և «Վարդանանք» գոբելենների կողքին:
Կսիրենք հուսալ, որ այս պատմական նկարն իր տեղը կգտնի նաև մեր դասագրքերում՝ իր կարևոր նպաստը բերելով նոր սերնդի ճշմարտապես դաստիարակության հո՜ւյժ կենսական գործին:
Սիրելի հայեր, ուրախ կլինեմ վաղը Ձեզ հյուրընկալելու Սբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում և ներկայացնելու այս նոր ստեղծագործությունը, որն այնքա՜ն հուզել է հոգիս…
«…Պարզ երևում էր, որ Հայոց Վեհափառն աղերսում էր Աստծուն՝ աստվածային հրաշքի համար: Երբեմն արտասուքը կաթում էր նրա աչքերից, բայց միշտ նա պահում էր սառնարյունությունը: … Այնքա՜ն հուզիչ և մեծասքանչ էր այս պատկերը, որ Արամը (Մանուկյան) և ես հազիվ էինք կարողանում զսպել մեր արտասուքը» (Երևանի զին. պարետ Արշավիր Շահխաթունու հուշերից)

32853906 825792757591046 1343503892318519296 n - Ռուբեն Սևակի թանգարարանը համալրվել է պատմական կտավով

Ասողիկ քահանա