Փութաջան մարդը չի սպասում հրամանի կամ հարկադրանքի. հայրերի վարքից

 – Իմ պատանեկության տարիներին, – իր մասին պատմում է Իսահակ Ասորին, – ես ապրում էի աբբա Կորոնիոսի հետ եւ այս` արդեն դողդոջ ծերունին, ինձ ոչ մի գործ չէր հանձնարարում, այլ ինքն էր վեր կենում ու կամավոր սպասարկում ինձ՝ մատուցելով լվացվելու ջրամանը: Դրանից հետո ես ապրեցի աբբա Թեոդորոս Թերմինացու հետ. այս հայրն էլ ինձ ոչ մի հրաման չէր տալիս, այլ ինքն էր ուտելիքը սեղանին դնում եւ ասում ինձ. «Եթե ուզում ես, նստիր, կեր»: Սովորաբար ես նրան պատասխանում էի. «Հայր, ես այստեղ քեզ ծառայելու համար եմ եկել: Ինձ ինչո՞ւ քո կամքը չես հայտնում»: Բայց ծերունին միշտ լռում էր:

 Վերջապես այս մասին ես հայտնեցի մյուսներին: Վանականները եկան նրա մոտ եւ ասացին. «Հայր, եղբայրն այստեղ է եկել քեզ ծառայելու համար: Ինչու՞ նրան ոչ մի գործ չես հանձնարարում»:

 «Մի՞թե այստեղ ես խցի ավագն եմ, որ հրամայեմ,– պատասխանեց սուրբ Թեոդորոսը,– երբ ցանկանում է, թող իր հայեցողությամբ անի այն, ինչ ես եմ անում»:

 Եվ այդպես, այդ ժամանակից ի վեր ես նրան նախապես ասում եւ անում էի այն ամենը, ինչ ուզում էր անել հայրը:

 Երեխանե՛ր, աշակերտնե՛ր, ենթականե՛ր, այս պատմությունը թող ձեզ խրատ լինի, թե ինչպես պետք է վարվել ծնող-ների, ղեկավարների եւ ուսուցիչների հետ:

Հատված «Բարեպաշտության թանգարան» գրքից՝ Թարգմ.՝ Հ. Բեգլարյանի