ՓՈԽՆԱԿ (ՍՈՒՐՈԳԱՏ) ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Անդրադառնանք փոխնակ` սուրոգատ մայրությանը: Մասնագետների գնահատմամբ` այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է, և այս տեսակետից փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է: Պետք չէ՞ այն դիտարկել որպես մարդասիրական քայլ և ի վերջո մեր երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Եկեղեցին ինչո՞ւ է դեմ փոխնակ մոր ինստիտուտին:

 Փոխնակ մայրությունը կարող է լուծում լինել անպտղության խնդրի և բնակչության թվաքանակի բարելավման համար: Սակայն կան խնդիրներ, որոնք դրական լույսի ներքո չեն ներկայացնում փոխնակ մայրության երևույթը: Բեղմնավորված էմբրիոնները, որոնք կրոնական հասկացությամբ հոգի ունեցող մարդկային գոյություն են, ենթարկվում են փորձերի, և դրանցից միայն մեկն է տեղադրվում փոխնակ մոր օրգանիզմում, մյուսները ոչնչանում կամ ոչնչացվում են: Խախտվում է երեխայի իրավունքը` ծնվելու ամուսնական միությամբ իրար կապված ծնողներից: Ծագում են հոգեբանական լուրջ խնդիրներ հատկապես փոխնակ մայր հանդիսացած անձի մոտ: Այսինքն` կարող են բժշկական առումով խնդիրներ չլինել, սակայն ծագում են բիոէթիկայի խնդիրները:

 Փոխնակ մայրերին ներկայացվող պահանջներն են` տարիքը 20 – 35 տարեկան, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայություն, հոգեկան և սոմատիկ, այսինքն` մարմնական առողջություն: Ապագա փոխնակ մայրերը բժշկական քննություն են անցնում առողջության և հոգեկան վիճակի ստուգման համար: Սակայն մարմնական վիճակի և հոգեկան հավասարակշռության վերաբերյալ բժշկական քննությունից զատ պետք է նաև հոգեբանական խորը քննություն:

 Երեխայի հետ գենետիկական կապի բացակայությունը չի վերացնում երեխայի հետ փոխնակ մոր հոգեբանական և զգացական մեծ կապվածությունը: Բացի դրանից, նույնիսկ եթե հոգեբանական հավասարակշռվածությունը կամ չափավորված զգացմունքայնությունն ու բարձր ինքնատիրապետումը հաստատվում է, ապա միևնույն է, այդ քննությունը երբեք չի կարող ճշգրիտ լինել, քանի որ հղիության ընթացքում փոխվում են կնոջ հոգեբանությունն ու ընկալումները:

 Այս իրողության լրջագույն խնդիր լինելն ակնհայտ դարձավ 1986 թ., երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Նյու Ջերսիում, փոխնակ մայրը, որը հղիության ընթացքում զգացականությամբ կապվել էր իր որովայնում կրող երեխայի հետ, հրաժարվեց երեխային տալ պատվիրատուներին: Դատական երկար գործընթացներ սկսվեցին, և ի վերջո` երեխան տրվեց կենսաբանական ծնողներին, իսկ փոխնակ մորը իրավունք վերապահվեց երեխային այցելելու:

 Այս խնդիրներից զատ` խնդիր է առաջանում սահմանելու, թե ինչ է մայրությունը. դեպքերից մեկում տատիկը ևս իր թոռնիկի մայրն է դառնում` կրելով և ծննդաբերելով իր դստեր երեխային: Մի քանի մայրեր ունենալու իրողությունն իր ծնվելու ձևի մասին իմացած երեխայի կամ պատանու մոտ ինքնագիտակցության ճգնաժամ է առաջացնում` «մայր» հասկացության հետ կապված:

 Փոխնակ մայրությունը որդեծնությունը վերածում է բժշկական տեխնիկական գործողության և առևտրի, քանի որ կարծես երեխա են արտադրում ու վաճառում, ինչպես որ խանութում արտադրված ապրանքներ են ծախում: Այս կարծիքը տեղին է, քանի որ փոխնակ մայրերը դրամ աշխատելու համար են դառնում ուրիշի երեխայի կրողներ, և այս երևույթի մեջ առևտրի առկայությունն առավել քան ակնհայտ է:

 Եկեղեցու` փոխնակ մայրության դեմ լինելը նաև երևույթի ընկալման հետ է առնչվում: Այն, ինչ բժիշկը սահմանում է անպտղություն, Աստվածաշունչը բացատրում է որպես Աստծո օրհնության հապաղում: Աստվածաշնչում նշվում է, որ Հակոբի կին Ռաքելը դժգոհում էր ամուսնուց երեխա չունենալու համար, իսկ Հակոբը պատասխանում է. «Մի՞թե Աստծո փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց» (Ելք 30.1-2): Այսպես նաև Աբրահամի կին Սառան մինչև ծերություն երեխա չէր կարողանում ունենալ: Սակայն Աստծո օրհնությամբ, ասում է Սուրբ Գիրքը, և՛ Ռաքելն է զավակ ունենում (Ծննդ. 30.22-24), և՛ Սառան, ով սկզբում նույնիսկ ծիծաղեց այն մտքի վրա, թե այդ տարիքում մայր է դառնալու (Ծննդ. 18.11-15, 21.12): Նաև Սամուել մարգարեի մայր Աննան, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները երկար տարիներ զավակ չէին ունենում, բայց աղոթքով Աստված նրանց արժանացնում է այդ օրհնությանը (Ա Թագ. 1.9-13, 19-20):

 Եկեղեցում հանդիպում ենք ծնողների, ովքեր իրենց երեխաներին բերում են մկրտության կամ օրհնության` ուրախությամբ հայտնելով, որ մեկ և անգամ երկու տասնամյակից ավելի երեխա չունենալուց հետո Աստված իրենց զավակ է պարգևել: Իսկ փոխնակ մայրությանը դիմող շատ զույգեր ամուսնական կյանքի կարճ ժամանակից հետո արդեն զավակ ունենալու այլ տարբերակներ են փնտրում: Իհարկե, բժիշկներն ախտորոշում են կնոջ անկարողություն` զավակ ծննդաբերելու, կամ կնոջ և կամ ամուսնու առողջական խնդիր, որի պատճառով հնարավոր չէ զավակ ունենալ: Սակայն բժշկական հետազոտությամբ նույնպիսի ախտորոշում կլիներ նաև Սառայի, Ռաքելի, Աննայի, Սուրբ Աստվածածնի ծնողների պարագայում, ովքեր, սակայն, զավակներ են ունեցել:

 Այսօր մեր հասարակության մեջ տարածված է անպտղության պատճառով ամուսինների բաժանումը` հիմնական մեղքը բարդելով կնոջ վրա: Սակայն Եկեղեցին, մի քանի դեպքեր նշելով ամուսինների բաժանման, չի պարտադրել զավակ ունենալու անկարողության պատճառով բաժանումը, քանի որ որդեծնությունն աստվածային օրհնությամբ է լինում, և այդ օրհնությունն ի վերջո զավակների ծննդյան ուրախությունը կբերի ընտանեկան կյանքում: Սա է փաստում տասը, քսան և ավելի տարիներ զավակներ չունեցած, բայց, ի վերջո, որդեծնության բերկրանքին արժանացած ամուսինների պատմությունը:

 Հղիության արհեստական ընդհատման պարագայում կնոջ կյանքի փրկության համար Եկեղեցին թույլ է տալիս արհեստական վիժեցման դիմել: Փոխնակ մայրության պարագայում էլ գուցե կարելի է հարցը խորը ուսումնասիրմամբ մի բացառություն կարգել` նկատի ունենալով և՛ ամուսնու, և՛ կնոջ անկարող լինելը որդեծնության համար: Այս հարցը դեռ քննարկելի է, իսկ մինչ այդ Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիներն իրենց դիրքորոշումներով արդեն հստակորեն անընդունելի են համարել փոխնակ մայրությունը:

 Եթե ամուսինները զավակներ չեն ունենում, ապա լուծումներից մեկը, որ համապատասխան կլինի քրիստոնեական ընկալումներին, նախ և առաջ գուցե որբ երեխա որդեգրելն է` մեկին ծնողական սեր և հոգածություն պարգևելը, այդ հնարավորությունից զրկված երեխային երջանկություն նվիրելը: Այս հիանալի բարեգործությունը մեծապես հաճելի և ընդունելի է Աստծո համար: Հիշենք Քրիստոսի խոսքը. «Ով որ Իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, Ի՛նձ կընդունի» (Մատթ. 18.5, Մարկ. 9.36, Ղուկ. 9.48): Հայտնի են դեպքեր, երբ երեխաներ որդեգրած ամուսիներն իրենք են շուտով երեխաներ ունեցել:

 Պետք է նշել, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ամերիկայի որոշ նահանգներում փոխնակ մոր ծառայություններ մատուցելն օրենքով արգելված է: Սակայն Հայաստանում 2002 թվականից փոխնակ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել: Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Եվրոպան, պատահում է, ավելի նախանձախնդիր մոտեցում է ցուցաբերում արդի երևույթների նկատմամբ, ինչպիսին է նաև Ֆրանսիայում Եհովայի վկաներ աղանդի պետականորեն գրանցման արգելումը:

Մինչդեռ, ինչպես երևում է, եվրոպականացման ձգտող Հայաստանը թե՛ փոխնակ մայրության, թե՛ աղանդավորներին պետական գրանցում տալու և թե՛ այլ երևույթների հարցում ձգտում է եվրոպացուց ավելի եվրոպացի լինել, ինչը կարող է մեծ վնաս բերել մեր ժողովրդին` քրիստոնեական արժեքների ընկալման, բարոյականության հաստատման, հոգևոր կյանքի աղճատման տեսակետից:

Ավելին կարող եք կարդալ «christianity4all.com» կայքում