Փորձություն, թե՞ փորձանք… (առակ)

Մի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաև բաժին էր հանում եկեղեցու համար: Երբ մի շոգ ու արևոտ օր ճամփա է ընկնում դեպի իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է մի ծառի ստվերի ներքո` ձեռքին մի մեծ կուժ` սառնորակ լի ջրով: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է.
-Այս շոգին ծարաված կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ու՞ր մնաց մարդկությունը… վերցրու, խմիր:
Կժով լի ջուրը տալիս է ու հեռանում: Այգեպանն ասում է.
-Շնորհակալ եմ քեզանից, ինչքան օրհնյալ ու բարի մարդ ես:

Այդ երեկոյան գյուղացին հիվանդանում է, քանի որ ամբողջությամբ խմել էր կժով լի սառը ջուրը, որը բավականին շատ էր:

Մի քանի օր անց, փոքր-ինչ կազդուրվելով, կրկին ճամփա է ընկնում մշակելու համար իր այգիները: Որոշում է, ով էլ հանդիպի, ինչ էլ լինի, այլևս, որևէ սառը ըմպելիք չի խմի, մինչև իր ամբողջական առողջանալը:

Նույն վայրում, որ հանդիպել էր վաճառականին, տեսնում է իր ընկեր հովիվները վաճառականի հետ միասին թան են խմում: Միանում է նրանց: Վաճառականը թանով լի մի մեծ գավաթ պարզում է դեպի գյուղացին ու ասում.
-Այսօր շատ շոգ օր է, հուսով եմ ինձ կրկին կօրհնես ու ընկերներիդ հետ երախտապարտ կլինես, ձեզ անհատույց թան եմ հյուրասիրում:
Այգեպանը մի փոքր ընմպում է, զգում է, որ շատ սառն է:
Սատանան ասում է.
-Այս անգամ էլ խմիր, ոչինչ էլ չկա, այս պահին դու լավ ես:
Գյուղացին զարմանում է, թե վաճառականը որտեղից գիտի իր որպիսությունը, սակայն քաջալերվում է այդ խոսքերից ու խմում է և հաջորդ օրը նորից հիվանդանում, իսկ այգիներն անմշակ մնում: Սատանան էլ միևնույն ծառի ստվերում նստած հանգիստ սպասում է, թե գյուղացին կրկին երբ կգա….

Միշտ պետք է զգոն լինել և մտքով արթուն, որպեսզի այսպիսի փորձությունների մեջ չընկնել… նմանատիպ փորձություններ հատկապես լինում են նաև պահքի ընթացքում: