Փետրվարի 5 Գշ. ԴՁ. Սրբոց երկոտասան մարգարէիցն` Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Astvacashunch yntercumner11 880x660 - Փետրվարի 5 Գշ. ԴՁ. Սրբոց երկոտասան մարգարէիցն` Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Օսէէ 10.11‐12։ ԱՄՈՍ 5.10‐14. Միքիա 7.7‐9։ ՅՈՎԵԼ 2.12‐13։ Աբդիու 1.20‐21։ Յովնան 4.2։ Նաւում 1.7‐9։ Ամբակում 1.1‐3։ Սոփոնիա 1.7‐8։ Անգէ 2.7‐10։ Զաքարիա 7.9‐13։ Մաղաքիա 1.4‐6։ Հռոմէացիներ 11.2‐5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.31‐35։

Օսէէ

11որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ.ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար։ 12Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան։

ԱՄՈՍ

10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։ 14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։

Միքիա

7Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։ 8Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։ 9Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։

ՅՈՎԵԼ

12«Եւ արդ, – ասում է ձեր Տէր Աստուածը, – դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով։

Աբդիու

20Իսրայէլի առաջին աքսորեալները կը ժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կը ժառանգեն Նագեբի քաղաքները։ 21Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կը կանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կը հաստատուի Տիրոջ արքայութիւնը»։

Յովնան

2Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։

Նաւում

7Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։ 8Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին։ 9Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ։

Ամբակում

1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։ 2Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։ 3Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։

Սոփոնիա

7Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը 8եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։ «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։

Անգէ

7Դարձեալ պիտի սասանի երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը 8միաժամանակ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, այստեղ պիտի գան բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը, եւ ես պիտի լցնեմ այդ տունը փառքով, – ասում է Ամենակալ Տէրը։ – 9Իմն է արծաթը, իմն է ոսկին, – ասում է Ամենակալ Տէրը, – 10որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, – ասում է Ամենակալ Տէրը։ – Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, – ասում է Ամենակալ Տէրը, – հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը։

Զաքարիա

9այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։ 10Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝նրա գործած չարիքների համար»։ 11Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ 12Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից։ 13«Եւ այնպէս պիտի լինի, որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում, եւ նրան չեն լսում,այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց», -ասում է Ամենակալ Տէրը։

Մաղաքիա

4Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»։ 5Ձեր աչքերը կը տեսնեն, եւ դուք իսկ կ՚ասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ»։ 6«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, – ասում է Ամենակալ Տէրը։ Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը.

Հռոմէացիներ

2Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3«Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, – ասում է, – եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

31Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ։ 33Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»։ 34«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ 35Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։