Փետրվարի 3 † Կիր. ԳՁ. Գ կիր. զկնի Ս. Ծննդեան

Astvacashunch yntercumner11 880x660 - Փետրվարի 3 † Կիր. ԳՁ. Գ կիր. զկնի Ս. Ծննդեան

ԵՍԱՅԻ 62.1-11, Բ Տիմոթէոս 2.15-19, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.39-47։

ԵՍԱՅԻ

62 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։ 2Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։ 3Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ 4Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի։ 5Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար։ 6Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը։ 7Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ։ 8Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, 9այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։ 10Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները,շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար։ 11Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։

Բ Տիմոթէոս

15եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 16որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը։ 17Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են». նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»։ 18Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ։ Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են։ 19Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

39Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց։ 40Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»։ 41Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ 42Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք։ Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»։ 43Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ։ 45Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ։ 46Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը։