Փետրվարի 26 Դշ. ԲՁ. Գ օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Փետրվարի 26 Դշ. ԲՁ. Գ օր Մեծի Պահոց

Ելք 1.1‐2.10։ Յովել 1.14‐20։

ԵԼՔ

1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. 2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։ 5Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին։ Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում։ 6Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը։ 7Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան։ Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն։ 8Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց. 9«Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի։ 10Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ 11Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները։ Ովնը Արեգ քաղաքն է։ 12Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում։ 13Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։ 15Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա։ Եւ արքան 16ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»։ 17Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին։ 18Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»։ 19Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»։ 20Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում։ 21Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրին։ 22Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»։
2 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։ 2Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ։ 4Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։ 5Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն։ 6Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։ Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»։ 7Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։ 8Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։ 9Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան։ Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։

Յովել

14Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով։ 15Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը.թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի։ 16Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը։ 17Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ։ 18Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին։ 19Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ, 20վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը։