Փետրվարի 19 Բշ. ԴԿ. Ը օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Փետրվարի 19 Բշ. ԴԿ.  Ը օր Մեծի Պահոց

Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Ա Թագաւորաց

1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար։ Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր։ 2Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ 3Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու։ Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին։ 4Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց։ 5Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր։ Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան։ 6Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի։ 7Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում։ 8Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»։ 9Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ։ 10Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ։ Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց. 11«Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կը նուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»։ 12Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում։ 13Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան։ 14Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»։ 15Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ։ 16Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։ 17Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»։ 18Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»։ Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը։ 19Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային։ 20Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ։ Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»։ 21Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու։ 22Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կը տանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»։ Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը։

Առակներ

1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։ 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ 10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան,անմեղ տեղը սպանենքեւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըեւ մեր տները լցնենք աւարով։ 14Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր,բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք,եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»։ 15Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում,եւ նրանք շտապում են արիւն հեղելու։ 17Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ 18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում,չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ 19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։ 20Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ 22Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։ 23Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ. 24որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, 25այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին։ 26Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ։ 27Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի, 28գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու, 29քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, 30չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ 31Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ 32Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ 33Իսկ նա, ով ինձ լսի, կ՚ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից։

Երեմիա

1 Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ 2Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ 4Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5«Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ 6Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ 7Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես։ 8Չվախենաս նրանցից, – ասում է Տէրը, – քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։ 9Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի։ 10Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»։