Փետրվարի 18 Բշ. ԲԿ. Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն

Astvacashunch yntercumner11 880x660 - Փետրվարի 18 Բշ. ԲԿ. Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն

Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։
Իմաստութիւն Սողոմոնի

12 Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ 13Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ 14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ 15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ 16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ 17Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։ 18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. 19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ 20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, 21եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։

Եսայի

7 եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։ 8Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։
19 Տեսիլք եգիպտացիների վրայ 2Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։ 3Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։ 4«Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։ 5Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», – այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։ 6Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։ 7Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը:

 Բ Կորնթացիներ

10 Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ. 15քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու։ 16Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. 17որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. 18քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։
5 Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։ 2Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։ 3Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. 4քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։ 5Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։

Սուրբ Ատոմյանց հիշատակության օր