Փառքի և փառասիրության մասին

Զմյուռնիայի պատրիարքներից է եղել առաքինազարդ մի անձնավորություն` Նիկողայոս Սքանչելագործ անունով։ Նա ծնվել է 280 թ.։ Նիկողայոսը ավելի շատ ցանկանում էր ապրել առանձնացած կյանքով, աղոթքներով։ Ծնողների մահից հետո նա իր ունեցվածքը բաժանում է աղքատներին և գնում Երուսաղեմ։ Այստեղ ցանկանում է վանական կյանքով ապրել, սակայն նրան լսելի է դառնում Աստծո ձայնը, որն ասում է. «Նիկողայո՛ս, այստեղ չէ, որ դու Ինձանով պետք է պտուղ տաս, այլ գնա ժողովրդի մեջ»։ Նիկողայոսը հետագայում դառնում է Զմյուռնայի եպիսկոպոս` բոլորի համար հանդիսանալով խոնարհության և հեզության օրինակ։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա բանտարկվում է և ազատ արձակվում միայն Կոստանդիանոս կայսեր օրոք։
Նիկողայոսի կյանքից մենք կարող ենք փառքին վերաբերող գեղեցիկ օրինակ վերցնել։ Երբեմն մենք էլ Նիկողայոսի նման կանգնած ենք լինում ընտրության առջև. կամ պետք է ընդհանուրի համար բարի գործ անենք, որը մեզ ճանաչում կբերի, կամ պետք է առանձնանանք, նույնպես բարի և արդար կյանքով ապրենք շատերի աչքից հեռու։ Երբեմն դժվարանում ենք ընտրություն կատարել, բայց Աստված իր նախախնամությամբ մշտապես ուղղում է մարդկանց քայլերը։ Եվ փառքի ու անփառունակության միջև ընտրության կողմնորոշմանը մեզ կօգնի փառքի վերաբերյալ երկու ճգնակյաց մարդկանց խոսակցության մասին իմանալը։
Երկու ճգնակյաց մարդիկ` Աբրահամ և Թեոդորոս անուններով, զրուցում են փառքի մասին։ Աբրահամը հարցնում է իրենից ավելի փորձառու Թեոդորոսին. «Ո՞րն է ավելի լավ և օգտակար, փառքի՞ ձգտելը, թե՞ անփառունակության»։ Թեոդորոսը պատասխանում է. «Ես ավելի փառք եմ ցանկանում, քան թե անպատվություն, քանզի եթե բարի բան անեմ և փառքի արժանանամ, շատերին նաև օրինակ կլինեմ, իսկ եթե փառասիրությամբ մեղանչեմ, միայն ինձ պետք է մեղադրեմ և ոչ թե մարդկանց»։ Աբրահամը տալիս է երկրորդ հարցը. «Իսկ ինչու՞ բոլոր մեծ Հայրերը ոչնչից այդքան չէին վախենում, որքան փառքից»։ Եվ սրան հետևում է իմաստուն պատասխանը. «Նրանք վախենում էին ոչ թե փառքից, այլ կեղծ փառքից, կամ ավելի լավ է ասել` նրանք զգուշանում էին, որ իրենց սրտերը չվարակվեն փառասիրությամբ։ Բարի գործերին հետևող փառքի և Աստծո պատվիրանները աշխարհի ունայնությամբ փոխարինող փառասիրության միջև մեծ տարբերություն կա։ Բարիք գործիր միայն Աստծուն հաճելի լինելու համար, և այն ժամանակ Աստված ոչ միայն չի դատապարտի փառքը, որը մարդ ձեռք է բերել առանց դրան ձգտելու, այլև այս փառքին կգումարի նաև այն փառքը, որը Նա աշխարհի սկզբից պատրաստել է Իրեն սիրողների համար»։ Այսպիսի բարի փառքի արժանացավ նաև Նիկողայոս Սքանչելագործը։ Հետևաբար, ընդունելի է, երբ բարի գործերը նպատակ ունենալով, որպես արդյունք լինում է նաև ճանաչումը, սակայն Աստծո կողմից խիստ դատապարտելի է, երբ նպատակ ես ունենում փառքը, հանուն որի բարի գործեր ես անում։

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.