Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Aysor.am-ի զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը:

 — Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետագա ճակատագիրը: Պատրա՞ստ եք իշխանության հետ խորքային քննարկումներ ծավալելու և համապատասխան առաջարկներ հնչեցնելու՝ առարկայի դասավանդման ծրագրային ձևաչափն անփոփոխ թողնելու համար:

— Ուրախ եմ և շնորհակալ, որ մեծազնիվ տիկին Լիլիթ Մակունցն ընդառաջ իմ անձնական դիմումին՝ հաճեցավ հանդիպել և զրուցել բոլորիս հուզած խնդրի առանչությամբ: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը: Վստահաբար, Սբ Եկեղեցին ի սկզբանե պատրաստ էր և քննարկելու, առաջարկներ բերելու, ի հարկին բանավիճելու, և հանգելու միասնական եզրակացության: Այլ կերպ հնարավոր չէ. պետք է միմյանց լսել և հիմնվելով բացառապես ազգային շահերի վրա՝ կայացնել ազգակերտ ու հայրենաշեն որոշում:

Շատ շուտով Հայոց Եկեղեցու իրավասու հանձնախումբն իր հիմնավոր կարծիքն ու առաջարկությունները կներկայացնի նախարարությանը՝ միակողմանի կազմված հանրակրթության պետական չափորոշիչի վերաբերյալ:

— Արդյոք կիսում եք վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ ի դեմս դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի կրճատման և մի շարք այլ գործողությունների՝ իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ է նախաձեռնել:

— Պետությունը չի՛ կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ. այո՛, օտար, վարձկան իշխանությունները կարող են, շատ են օրինակները պատմական անցյալում: Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են: Լիահույս եմ, որ նրանք հավատարիմ են ազգային ուխտին և երբեք չեն գործի ընդդեմ մեր ազգի սուրբ ժառանգության և աժեքների:

Կսիրեմ հուսալ, որ ստեղծված կացությունը սոսկ թյուրիմացություն է, որոշ անպատասխանատու պաշտոնյաների թերացման հետևանք: Եվ այստեղ չկա քաղաքական դիրքորոշում: Այնուամենայնիվ, եթե առկա է նման ծածուկ կողմնորոշում, շատ-շատ ցավալի կլինի: Բայց և պետք է հիշեն դրա հեղինակները, որ անցյալում նման տեսակետ ու վերաբերմունք ունեցած բոլոր իշխանությունները, անխտիր, ինքնախորտակվել են, քանի որ փորձել են ձախողեցնել մի խորհուրդ, մի գործ, որ Աստծուց է:

Իսկ այս դեպքում՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան իր բովանդակությամբ և ներգործությամբ՝ Ամենազոր Աստծո շոշափելի և տեսանելի ներկայությունն է Հայ դպրոցում: Բնավ պետք չէ լինել աստվածամարտ:

Աղբյուր` www.aysor.am

Այլ նյութեր