Պետրոսը թող գա սքեմ հագնի, հոգևորական դառնա, թող հորդորի, որպեսզի պատվաստվեն. Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։ Հանրային հեռուստաընկերության լրագրող, «Հարցազրույց» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այս մասով՝ նշելով. «Իսկ կարող է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին ,որ գնան պատվաստվեն ու չմահանան։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, օրը 40 մահ ունենք և միակ միջոցը կանխելու ահասարսուռ թվերը ` պատվաստվելն է։ Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։

ArmDaily.amի հետ զրույցում անդադառնալով թեմային՝ Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Պետրոսը թող գա սքեմ հագնի, հոգևորական դառնա, թող հորդորի, որպեսզի պատվաստվեն։ Որևիցե մեկը թող իրեն իրավունք չվերապահի հոգևորականներին ցուցում տալու, թե հոգևորականները ինչ պետք է անեն։ Եթե ցուցում ունեն տալու՝ թող գան հագնեն այս սև սքեմը, ման գան, տարածեն, ինչպես հոգևորականներն են տարածում։ Ոմանք ուզում են ուղիղ թող հասկանան, ոմանք ուզում են չակերտների մեջ թող հասկանան, և նոր որոշեն թե ինչ պետք է անի հոգևորականը։ Պետրոսն ո՞վ է, որ ինքը պետք է թելադրի, թե հոգևորականը ինչ պետք է անի, կամ  Մայր Աթոռը ինչ պետք է անի։ Պետրոսը, այսինքն Մայր Աթոռին հավասարարժեք ինչ-որ մի սուբյե՞կտ է»։

Ինչ վերաբերում է Ամանորյա տոները կրճատելու որոշմանը՝ Սրբազան Հայրը նշեց, որ վերադառնում ենք սովետական ժամանակներին։ «Սովետական ժամանակաշրջանում էլ 5-ն էլ, 6-ն էլ, 7-ն էլ, 3-ն էլ աշխատանքային օրեր էին։ Հիմա 6-ը թողել են, որովհետև երևի ամաչում են 6-ն էլ դարձնել աշխատանքային»,- ասաց Աջապահյանը։

Նա նշում է, որ օրերի այս կրճատումով ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ «Հավատացյալ մարդը, եթե ուզում է, ամսի 5-ին աշխատանքից շուտ դուրս գա, որպեսզի գնա Ճրագալույցի պատարագին։ Իրական նպատակը ատամ ցույց տալն է եկեղեցուն և ընդհանրապես կրոնական զգացումին, որ մենք իշխանություն ենք, ինչ ուզենանք՝  կանենք։ Է, ինչ ուզում եք՝ արեք։ Էլի Ճրագալույցը կմնա Ճրագալույց, 7-ին էլ Ննջեցելոց հիշատակությունը կմնա Ննջեցելոց հիշատակություն։ Էլի հավատացյալների հոծ բազմությունը պիտի գա Ճրագալույցի պատարագին, Էլի հավատացյալների հոծ բազմությունը պիտի ննջեցյալներին հիշի»,- ասաց Աջապահյանը։

Արփինե Պետրոսյան