«Պարզապես ողբերգություն է… Եթե գրող է ու նման բան է իրեն թույլ տալիս, ուրեմն նշանակում է՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ». Հայր Ասողիկ

Ter Asoxik - «Պարզապես ողբերգություն է… Եթե գրող է ու նման բան է իրեն թույլ տալիս, ուրեմն նշանակում է՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ». Հայր Ասողիկ

 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Արմեն Հայաստանցին կարծիք էր հայտնել, որ պետք է վերանայվեն, օրինակ, եկեղեցական ծիսակարգերը, պսակի խորհրդի ժամանակ զույգերի կողմից տեր և հնազանդ լինելու խոստումը: Եկեղեցում էլ պետք է հեղափոխություն լինի:

 «Դրանից, առաջին հերթին՝ Առաքելական եկեղեցին է շահելու: Նույնիսկ, եթե դա չի գիտակցում մեր եկեղեցին, բայց բռնության քարոզիչ է դառնում: Բայց փաստացի այդպես է: Ինքն այդ բռնության կրողը և քարոզողն է դառնում: Չի էլ ուզում հասկանա և ռեֆորմ անի: Երկիրն անցնում է հեղափոխության միջով, մշակույթ է փոխվում, իսկ եկեղեցին մնացել է 5-րդ դարում քնած»,- ընդգծել էր գրողը:

 Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ սա չի կարելի կտրուկ գցել եկեղեցու և քրիստոնեության վրա:

 ««Տեր եմ», «հնազանդ եմ». Դա էթիկետ է, բնորոշ է եկեղեցական արարողակարգին: Այլ հարց է, որ ռեֆորմի շրջանակում ինչ-որ բառեր փոխվեն, որովհետև իմ համոզմամբ՝ բառն ունի ներգործող արժեք՝ հիշողության տեսանկյունից, որը կարող է ձևավորել որոշակի արարք: Նույն «Տեր եմ», «Հնազանդ եմ» արտահայտությունները կատարել են նաև դրական դեր՝ ընտանիքների պահպանման, բռնությունների հաղթահարման առումով»,- նշել էր գրականագետը:

 Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու՝ բռնության քարոզիչ դառնալու վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց.

 «Ես այդ անհեթեթությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ: Պարզապես ողբերգություն է: Եթե գրող է ու նման բան է իրեն թույլ տալիս, ուրեմն նշանակում է՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ: Մարդիկ պետք է եկեղեցական ավանդությանը, վարդապետությանը, աստվածաբանությանը տեղյակ լինեն և հետո իրենց կարծիք արտահայտելու իրավունք վերապահեն: Գրողին խորհուրդ կտամ ընթերցել Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիք» աշխատությունը:

 …Երբ որ ասում է՝ տեր եմ, նշանակում է, ինչպես Քրիստոսը տերն է եկեղեցու և իր անձը մատնեց խաչելության՝ հանուն եկեղեցու փրկության, որն այս պարագայում հարսն էր, որ Քրիստոսի մեջ տեսնելով այդ ինքնազոհողությունը, տեր լինելու ճշմարտությունը, խոնարհաբար հնազանդվեց Քրիստոսին՝ հավատալով, որ Քրիստոս Աստված փրկիչն է եկեղեցու և միայն բարին է գործում՝ հանուն այդ հնազանդության, խոնարհության: Հետևաբար, կինն իր ամուսնու մեջ տեսնելով այդ սիրո աղբյուրը, նրա ինքնազոհողության հանձնառությունը հանուն ընտանեկան և ամուսնական երջանկության, իր հոժար կամոք հնազանդությունն է հայտնում, բայց դա ստրկական հնազանդություն չէ, գիտակցված, սիրուց մղված հնազանդություն է, որովհետև ինքն իր անձն ամբողջապես վստահում է իր տեր ամուսնուն, ինչպես որ Սուրբ Պողոս Առաքյալն է պսակի խորհուրդը մեկնաբանում՝ Քրիստոսի և եկեղեցու փոխհարաբերությամբ:

 Քրիստոսը տերն է եկեղեցու, որին Սուրբ եկեղեցին հնազանդ է, որովհետև ունի կատարյալ վստահություն Նրա անձի նկատմամբ և ի դեմս Նրա կատարյալ բարության, ապահովության, խաղաղության ճանաչողություն: Հետևաբար, այստեղ բռնության մասին մտածում, խոսք լինել չի կարող: Բռնությունը միայն հիվանդ ուղեղներում է: Իսկ նման մարդիկ բարոյական բուժման՝ Սուրբ Ավետարանով լուսավորվելու կարիք ունեն»:

Աղբյուր` 168.am