Պարզապես քրիստոնյա հայի բանականությունը չի կարող ընկալել, թե ինչպես պետական այրը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ. Կյուրեղ վարդապետ

 Երեկվանից, կարծես ամպրոպ պարզ երկնքում, պայթեց Վեհափառ Հայրապետի հորդորին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ։ Տպավորություն է, որ կարծես մարդասիրություն, գթասրտություն, հոգևոր խնամատարություն և նման բազմաթիվ գաղափարները կամ օտարացել են կամ մեզ համար նոր են ու անհասկանալի կամ իմաստափոխվել են։ Վեհափառ Հայրապետի հորդորը պարզապես դրսևորել է հայրական հոգածություն իր հոգևոր զավակի, Հայ Եկեղեցու անդամի, հայի հանդեպ, ինչին և կոչրված է հոգևորականը։ Եթե կարծիքներ կհնչեն, թե ինչու բանտում գտնվող այլ անձանց հանդեպ նույն վերաբերմունքը չի դրսևորվում, նշեմ, որ տարիներ ի վեր Մայր Աթոռի քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը մշտապես թե ֆինանսական և թե հոգևոր աջակցություն է ցուցաբերում այնտեղ գտնվող անձանց։ Սա առ ի տեղեկություն և ոչ թե ի պաշտպանություն կամ արդարացում Վեհափառ Հայրապետի, քանի որ դրա կարիքը չկա։

 Այս ամենում սակայն մտահոգիչ էր ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի պահվածքը, որի առնչությամբ արդեն բազմաթիվ գնահատականները հնչեցվել են և ավելացնելու կարիք չկա։ Պարզապես քրիստոնյա հայի բանականությունը չի կարող ընկալել, թե ինչպես պետական այրը, չխոսենք արդեն քրիստոնեական արժեհամակարգ կրող անձի մասին, կարող է իրեն նման պահվածք թույլ տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։ Պարզապես մի համեմատություն․ պատմության մեջ բազում են օրինակները, երբ նույնիսկ ոչ քրիստոնյա կառավարիչները հայոց կաթողիկոսների հանդեպ մեծ ակնածանք են դրսևորել։ Նման անարգալից վերաբերմունք դեպի կաթողիկոսները չի ցուցաբերվել նույնիսկ կոմունիստական եկեղեցաքանդ իշխանությունների կողմից։ Պարոն Սիմոնյանի պահվածքը կարելի է արդարացնել միայն դաստիարակության պակասի տեսանկյունից։

Հ․Գ․ Անկախ Պարոն Սիմոնյանի անձի հանդեպ ունեցած վերաբերմունքից, ես ինձ թույլ չտվեցի այլ որակումներ տալ, քանի որ նա առաջին հերթին ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյան