Պարգեւ Սրբազանը կոչով դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին (տեսանյութ)

 Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 Նա, մասնավորապես, նշել է. «Թուրքիան իր ամբողջական ուժով ներգրավվել է պատերազմում եւ սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք եւ հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

 Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն եւ կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը:100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ: Ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:
Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանիկ կայսրություն ստեղծել՝ պանթուրանիկ, Թուրքիայից մինչեւ Չինաստան: Այդ ճանապարհի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը, եւ այդտեղով մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

 Ես դիմում եմ նաեւ աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն եւ վերջացնեն այս արյունահեղությունը: Երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական անձինք, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ, ինչպես նաեւ 1990-ականնեներին, ինչպես նաեւ 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:

 Խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ, թե շուտ, ավարտվում են: Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ եւ մի օպտիմալ լուծում գտնել: Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»:

Աղբյուր` artsakhpress.am