Ո՞րն է ապացույցը մեր հոգիների անմահության

 Կատարելով ննջեցյալների հիշատակը մենք պետք է հիշենք միշտ, որ այսօր կամ վաղը նաեւ մենք անպայման կգնանք նրանց հետեւից այլ՝ Հավիտենական Կյանք, որովհետեւ մարդը անհետք երբեք չի կորչում, որովհետեւ ունի անմահ հոգի, որը չի ոչնչանում:

 Այն ինչ որ մենք տեսնում ենք մեռնող՝ թանձր տեսանելի մարմին է, իսկ ինչ որ բնակվում է մարմնի մեջ դա անտեսանելի, նուրբ զորություն է, որին հոգի ենք ասում:

 Մարմինը ինքն է վկայում իր մահկանացիության մասին, որովհետեւ քայքայվում ու բաժանվում է, իսկ հոգին, ընդհակառակը, ունի պարզ, հոգեւոր, չքայքայվող էություն եւ չի բաժանվում բաղկացուցիչ մասերի, ինչպես մարմինը, եւ մեռնել չի կառող: Հոգին անմահ է: Հոգին ունի անբաժանելի եւ անխառն միություն, այն ողջ կյանքի ընթացքում զգում է իր մեջ միակ հաստատուն կեցություն: Մարմինը կյանքին մասնակից է իբր ակամա՝ հոգու ուժից շարժվելով եւ միշտ իր ծուլությամբ ծանրացնում է հոգին: Իսկ հոգին շարունակում է իր անկախ կենսագործությունը նույնիսկ այնժամ, երբ մարմնի գործունեությունը ընդհատված է քնով կամ հիվանդությամբ կամ էլ մահվամբ: Հոգու անմահությանը հավատացել են բոլոր ժամանակներում, բոլոր ժողովրդները, նաեւ հեթանոսներն ու վայրենի ցեղերը:

 Ո՞րն է ապացույցը մեր հոգու անմահության: Նախ, այն մասին, որ մարդու հոգին անմահ է մեզ վկայում է Աստծո խոսքը: Դեռ հինկտակարանյան ժամանակներում Ժողովողն ասում է. «Նրա աճյունը, ինչպես որ հող էր, հող պիտի դառնա, եւ հոգին որ Աստված էր տվել, պիտի վերստին նրա մոտ գնա»: Մեկ ուրիշ տեղ՝ Սողոմոնի Իմաստության գրքում ասվում է. «Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր անմահ պատկերի»: Հոբին Աստված թույլ տվեց փորձությունը միայն մարմնի եւ ունեցվածքի վրա, բայց թույլ չտվեց սատանային դիպչել նրա հոգուն:

 Նոր Կտակարանն ամբողջությամբ հոգու անմահության մեջ մեր հավատքի եւ ապագա հարության հույսի հաստատումն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր վարդապետությամբ եւ գործերով հաստատում էր սույն հավատը եւ հույսը, երբ ասում էր, որ Նա եկավ աշխարհ նրա համար, որ ամեն Իրեն հավատացողը չմեռնի, այլ հավիտենական կյանք ժառանգի:

 Մեր ողջամտությունը եւս կարող է հաստատել մարդկային հոգու անմահության ճշմարտությունը: Նայեք ուշադիր մարդուն, ի՞նչ է փնտրում նրա սիրտը, ինչի՞ն է նա ձգտում: Ինչի՞ց է, որ մարդու հոգին ոչ մի բանով չի բավարարվում եւ չի հագենում: Մեկը ունի ամեն ինչ՝ բոլոր երկրավոր հաճույքներն ու վայելքները, բայց նորից փնտրում է ինչ-որ բան եւ չի գտնում: Մյուսը ցանկանում է հագեցնել իր հոգու ծարավը աշխարհիկ հաճույքներով, զվարճանքներով, սակայն այդ ամենը հոգու մեջ թողնում է միայն անձկություն ու դատարկություն, եւ մարդը փնտրում է ինչ-որ նոր հաճույքներ եւ դարձյալ չի մխիթարվում: Այս ամենը ապացուցում է, որ այս աշխարհում մարդը չի կարող հագեցնել՝ երանությանը ձըգտող իր հոգու ներքին ծարավը: Աստված դրա համար էլ մարդկային հոգու մեջ դրեց այս անհագ ծարավի զգացումը, որպեսզի սրա միջոցով ցույց տա մի այլ, ավելի լավ կյանքի գոյությունը, որպեսզի մարդ կառչաց չլինի երկրավոր, ժամանակավոր հաճույքներից, այլ ձգտի աստվածային կոչման բարձր պատվին:

 Իսկ եթե ուշադրություն դարձնենք մեր հոգու՝ գիտություն ձեռք բերելու հատկությա՞նը: Որքան մեծ է մարդկային գիտելիքների շրջանակը, որքան շատ առարկաների մասին պաշար է պարունակում հիշողությունը, ինչպիսի անսահման տարածություն է անցնում մեկ ակնթարթում երեւակայությունը, որքան բարդ առարկաներ ու երեւույթներ է ընկալում եւ բացատրում միտքը: Եվ որքան ընդարձակ ու լայն է մարդու գիտելիքների շրջանակը, այնքան ավելի մեծ ցանկություն է արթնանում նրա հոգու մեջ ձեռք բերելու դրանք: Ի՞նչ է նշանակում ոչ մի բանով չհագեցող գիտության այդ ծարավը, եթե ոչ այն, որ հոգու լիարժեք հագեցումը տեղի կունենա միայն այնտեղ՝ անդրշիրիմյան կյանքում:

 Եթե ուշադրություն դարձնենք հենց մարդու իսկ կյանքին, ապա նրա մեջ կարող ենք գըտնել մարդկային հոգու անմահության կարեւոր ապացույցը : Մեր կյանքի մեծ մասը ինչպե՞ս է անցնում: Չէ՞ որ նեղությունների ու տառապանքի մեջ: Մեկը պայքարում է հիվանդության հետ, մյուսը՝ անարդարության, մեկը տառապում է զըրկանքներից ու աղքատությունից, մյուսը տանում է թշնամիների ատելությունը կամ տուժում է նրանց նախանձից ու զրպարտությունից: Դժվար է գտնել մի մարդու, որը ծանոթ չլինի դժբախտությունների, որ ասեր. «Ես երջանիկ ու հաջողակ եմ»: Իսկ որքան են այն տառապյալները, ովքեր օրորոցից իսկ արդեն դիմադրում են հիվանդությանն ու զրկանքների եւ չեն բաժանվում նրանցից մինչեւ գերեզման:

 Ինչպե՞ս բացատրել մարդկային գոյության նպատակը, եթե մի պահ հոգին զրկենք անմահությունից: Մի՞ թե մարդկանց եւ կենդանիների բաժինը նույն է: Ապա ինչո՞վ է մարդը առավել նրանցից: Նրանով, որ ավելի շատ է տանում նեղություն ու տառապանք, քան անբան կենդանինե՞րը… Սակայն Աստծո Խոսքը լուծում է տալիս այդ թյուրիմացությանը, ասելով. «Քանզի գիտենք, որ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է ավերվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում» ( Բ Կորնթ.5:1): Ամեն:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Դարբասի Հոգեւոր Հովիվ՝
Տեր Ընծա քհն. Միրզոյանը