Օգոստոսի 31 Եշ. Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Յոբայ արդարոյն

ԱՌԱԿՆԵՐ 20.6‐22։ Հոբ 42.12‐16։ Ողբ 3.22‐56։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25‐33։ ՅԱԿՈԲՈՍ 5.7‐11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.1‐12։

ԱՌԱԿՆԵՐ

6Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։ 7Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։ 8Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։ 9Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։ 10Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։ 11Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում։ 12Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։ 13Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։ 14«Վատ է, վատ է», ասում է գնորդը,իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։ 15Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։ 16Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։ 17Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։ 18Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։ 19Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։ 20Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։ 21Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։ 22Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,որ նա օգնական լինի քեզ։

Յոբ

12 Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր: 13 Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ: 14 Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր: 15 Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին: Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ:
16 Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն631 տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի): Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը: Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած: Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ:
17 Սա թարգմանուած է ասորերէն գրքից: Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում: Առաջ նրա անունը Յոբաբ էր: Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով: Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին: Նրա մայրը բոսորացի էր: Այնպէս որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր:
Սրանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդոմում. առաջինը՝ Բէորայ Բաղակը (սրա քաղաքի անունն էր Դենաբայ), Բաղակից յետոյ՝ Յոբաբը (որ Յոբ կոչուեց), սրանից յետոյ՝ Ասոմը (որ թեմնացիների երկրի զօրավարն էր), սրանից յետոյ՝ Բարադի որդի Ադադը (որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գէթեմ): Իսկ այն բարեկամները, որ նրա մօտ եկան, սրանք էին. Եղիփազը՝ թեմնացիների արքան (Եսաւի որդիներից), Սոքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքայ Սոփարը:

Ողբ

22Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ 23Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ 24Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ 25Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, 26քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ 27Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ 28Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։ 29Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. 30իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, 31բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ 32Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. 33Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ 34Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, 35երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, 36երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ 37Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ 38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ 39Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ 40Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, 41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ 42Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ 43Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. 44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. 45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ 46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ 47Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։ 48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ 49Իմ աչքերը լցուեցին արցունքով, 50բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։ 51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ 52Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, 53իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, 54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։ 55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, 56եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

25Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում.«Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»։

ՅԱԿՈԲՈՍ

7Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։ 8Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։ 9Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք։ Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է։ 10Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։ 11Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

14 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»։ 3Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։ 5Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։ 6Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։