Օգոստոսի 27 † Կիր. ԳԿ. Գ կիր. զկնի Վերափոխման։ Տօն գիւտի գօտւոյ Սրբուհւոյ Աստուածածնի

ԵՍԱՅԻ 19.8-19։ Բ. Բ Կորնթացիներ 1.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.35-40։

ԵՍԱՅԻ

8գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։ 9Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։ 10Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։ 11Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։ 12Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպէ՞ս կ՚ասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»։ 13Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին։ 14Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։ 15Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է։ 16Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։ 17Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ։ 18Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին։ 19Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք։

Բ Կորնթացիներ

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

35Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին։ 37Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ 39Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 40Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։

Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակի տոն