Օգոստոսի 25 ԲԿ Ուր. Պահք

Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Ա Կորնթացիներ

12Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն չունի, որ այժմ գայ, այլ կը գայ, երբ յարմար ժամանակ գտնի։ 13Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։ 14Ձեր ամէն ինչը սիրով թող լինի։ 15Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ իրենց նուիրեցին սրբերի ծառայութեանը։ 16Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց։ 17Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին. 18քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը։ Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին։ 19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող եկեղեցիով հանդերձ։ 20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով։ 21Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը։ 22Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա։ 23Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ 24Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

26Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն, 28եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ։ 29Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»։ 30Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերմերը. 32իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»։ 33Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ։ 34Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր։