Օգոստոսի 24 ԲՁ. Եշ. Սրբոյն Երեմիայի մարգարէին

Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Երեմիա

1 Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ 2Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ 4Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5«Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ 6Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ 7Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես։ 8Չվախենաս նրանցից, — ասում է Տէրը, — քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։ 9Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի։ 10Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»։

38 Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝ 2այսպէս է ասում Տէրը. «Ով որ մնայ այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնայ քաղդէացիների մօտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնուածի պէս պիտի լինի, նա պիտի փրկուի»։ 3Այսպէս է ասում Տէրը. «Այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի զօրքի ձեռքը, պիտի գրաւեն դա»։ 4Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»։ 5Իսկ Սեդեկիա արքան, ամենեւին ձեռնհաս չլինելով նրանց դէմ որեւէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։ 6Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մէջ։ 7Եթովպացի Աբդիմելէքը, ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը, 8երբ թագաւորական ապարանքից նրա մօտ գնաց Աբդիմելէքը, խօսեց թագաւորի հետ ու ասաց. 9«Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»։ 10Թագաւորը եթովպացի Աբդիմելէքին հրաման տուեց ու ասաց. «Այստեղից դու քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ, մարգարէին հանեցէ՛ք այն գբից, որպէսզի չմեռնի»։ 11Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին պարաններ եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ, գբի մէջ։ 12Աբդիմելէք Եթովպացին Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թեւատակերին, պարանների տակ»։ 13Երեմիան այդպէս էլ արեց։ Նրան պարաններով քաշեցին եւ հանեցին գբից։ Երեմիան նստեց բանտի գաւթի մէջ։

Բ ՊԵՏՐՈՍ

9Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։ 12Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։ 14Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ։ 15Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։ 16Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։ 17Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած. 18քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։ 19Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց։ 22Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։