Օգոստոսի 16 Դշ. Դ օր Վերափոխման

Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երգ Երգոց

9Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։ 10Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները,եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։ 11Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ 12Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։ 13Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, 14նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, 15բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։ 16Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։

14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

Եսայի

10Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11«Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։

Գաղատացիներ

29Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։
4 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։ 2Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։ 3Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։ 4Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ 5փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ 6Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ 7Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։