Օգոստոսի 15 Գշ. ԱԿ. Գ օր Վերափոխման

Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երգ Երգոց

3«Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։ 4Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 5Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ 6Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 7Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան, 8մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին,թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»։

ՍԱՂՄՈՍ

3 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից 2Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ։

Գաղատացիներ

24Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ 25Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ 27Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։ 29Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։