Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)

29 3 1 720x660 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)

 Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

 Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առավոտյան, Միածնաէջ Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորն ուխտավորների ուղեկցությամբ և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք` տանելով Մայր Աթոռում պահվող սրբուհու մասունքակիր Աջը:

Ս. Աջը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և բազում ուխտավորներ` Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին ու նշանակությանը, ի մասնավորի նշեց. «Այս օրերին՝ Արարատյան այս շաբաթվա ընթացքում, մենք տոնում ենք մեր մեծ նահատակների՝ այն կույսերի տոնը, որոնք Հայաստան աշխարհը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զարդարեցին իրենց պսակներով: Որպես նահատակ՝ իրենց արյունը թափեցին մեր ազգի և մեր Եկեղեցու պայծառության ու շենացման գործի համար:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք, այս տոներն ամեն տարի մեծ խնդությամբ և ուրախությամբ անցկացնելով, հիշատակում ենք մեր սուրբ կույսերին, ոգեկոչում ենք այն ոգին, որ նրանք ցուցաբերեցին հանուն Քրիստոսի, հանուն Քրիստոսի Եկեղեցու շենացման և պայծառացման: Նահատակներ, ովքեր իրենց արյունը թափեցին, ովքեր չխնայեցին ոչ մի բան և, ինչպես գիտենք, այն փառքը, հարստությունը, պատիվները, որոնք պատրաստ էր Տրդատ թագավորը նրանց ընծայելու, նրանց շնորհելու, այս ամենը գիտակցելով հանդերձ` ընտրեցին ու հաստատուն մնացին իրենց հավատքի մեջ՝ իրենց Տեր  և Փրկիչ ունենալով, իրենց մեծ գանձն ունենալով մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին»:

Հայր Կորյունն ընդգծեց, որ սուրբ կույսերին առ Աստված առաջնորդողը մեծ ու անբավ սերն էր, որը նրանց մղեց չարի դեմ հաղթանակի:

Արդի ժամանակների մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման գործում պատարագիչ Հայր Սուրբը կարևոր նկատեց նմանվելու սուրբ նահատակներին և ցուցաբերելու նույն անձնուրաց ոգին:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց Անդաստանի կարգ: Սուրբ Գայանեի մասունքակիր Աջով Սրբազան Հայրն օրհնեց աշխարհի չորս կողմերը:

29 3 1 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)29 3 2 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)29 3 3 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)29 3 4 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)29 3 5 - Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)