Նոյեմբերի 16 Եշ. ԴՁ. Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

ԱՌԱԿՆԵՐ 28.10-18։ Բարուք 3.31-4.4։ Բ Տիմոթէոս 1.6-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

ԱՌԱԿՆԵՐ

10Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ։ 11Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։ 12Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ։ 13Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի։ 14Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի։ 15Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ։ 16Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ։ 17Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում եւ չի հաստատւում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի։ 18Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի։

Բարուք

31Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։ 32Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, 33Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. 34աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. 35Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։ 36Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, 37որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։ 38Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։
4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է,Օրէնքն է, որ կայ յաւիտեան։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։ 2Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝նրա լոյսի ծագման իսկ պահին։ 3Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին։ 4Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։

Բ Տիմոթէոս

6Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ 8Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու, 9որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով, 11Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։ 12Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։