Նոյեմբերի 14 Գշ. ԳՁ. Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի քահանային

Առակներ 15.33-16.7։ Օսէէ 14.9-10։ Տիտոս 3.3-8։ Մր 13.9-13։

Առակներ

33Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից։
16 Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։ 2Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։ 3Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, եւ դու շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ։ 4Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։ 5Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։ 6Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։ 7Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։

Օսէէ

9եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»։ 10Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կ՚անցնեն, իսկ ամբարիշտները կը սայթաքեն դրանց մէջ։

Տիտոս

3որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէսպէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց։ 4Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց, – 5ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմութեան համաձայն, – փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, 6որ Աստուած թափեց մեր վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, 7որպէսզի, նրա շնորհով արդարացուած, ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով։ 8Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստա՛տ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ ա՛յդ է բարի եւ օգտակար՝ մարդկանց համար։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»։