Նոր հրատարակություններ

Haratarkutyun 18 - Նոր հրատարակություններ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Տ. Հակոբ քահանա Սառիկյանի հուշերը` «Ութ ամիս մեծ պատերազմի արևմտյան ռազմավայրերում» խորագրով, ինչպես նաև վերահրատարակել Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» (Նարեկ) աղոթամատյանը:
Բարեհիշատակ Հակոբ քահանայի հուշերը վերաբերում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1914-1915 թթ., շուրջ ութ ամիս նրա կողմից Հարավ-արևմտյան և Հյուսիս-արևմտյան ռազմաճակատներում որպես զինվորական քահանա անցկացրած շրջանին: Օրագրության ձևով ներկայացվում են եկեղեցականին հանդիպած հայտնի անձինք, հայ զինվորականներ, բժիշկներ, ինչպես նաև նկարագրվում ռազմաճակատում տիրող իրավիճակը և պատերազմի թողած ահասարսուռ հետևանքները:
Գիրքը, որ հրատարակության է պատրաստել Էդգար Հովհաննիսյանը, կարող է կարևոր սկզբնաղբյուր ծառայել Առաջին աշխարհամարտին Արևմտյան ռազմաճակատում հայերի ունեցած մասնակցության վերաբերյալ: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթամատյանի վերահրատարակությունը հանդիսանում է թվով վեցերորդ վերանայված ու լրամշակված հրատարակությունը: