ՄԵՂԱՎՈՐ ԿԻՆԸ

Meghavor kiny - ՄԵՂԱՎՈՐ ԿԻՆԸ

«ՔՈ ՄԵՂՔԵՐԸ ՔԵԶ ՆԵՐՎԱԾ ԵՆ»
«ՔՈ ՀԱՎԱՏԸ ՔԵԶ ՓՐԿԵՑ» 

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7:36-50

 Փարիսեցիներից մեկը աղաչում էր Նրան, որ իր հետ ճաշ ուտի. և Նա մտնելով փարիսեցու տունը` սեղան նստեց: Եվ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով` կանգնեց Հիսուսի ետև, Նրա ոտքերի մոտ. և լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել Նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր Նրա ոտքերը և այդ յուղով օծում: Իսկ փարիսեցին, որ Նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե Սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի մի կին է մոտենում Իրեն, որովհետեւ նա մեղավոր է»:

 Հիսուս պատասխանեց նրան և ասաց.
-Սիմոն, քեզ ասելու բան ունեմ:

Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապետ»:

Եվ Հիսուս ասաց.

 -Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը` հիսուն: Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՝ ո՞վ ավելի շատ կսիրի նրան:
Սիմոնն ասաց.

— Ինձ այնպէս է թվում, թե նա, ում ավելի շատը շնորհվեց:

Եվ Հիսուս ասաց նրան.
— Ուղիղ դատեցիր:

Եվ դառնալով կնոջ կողմը` Սիմոնին ասաց.

 — Տեսնու՞մ ես այս կնոջը. մտա քո տունը, ոտքերիս համար ջուր չտվիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց Իմ ոտքերը և իր մազերով սրբեց: Դու Ինձ մի համբույր էլ չտվիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու յուղով Իմ գլուխը չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ` սակավ:

Եվ ասաց այն կնոջը.

 — Քո մեղքերը քեզ ներված են:

 Եվ նրանք, որ Նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է Սա, որ մեղքերին թողություն է տալիս»:

Եվ Նա ասաց այդ կնոջը.
— Քո հավատը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ:

 Մենք էլ եթե գիտակցենք, որ մեղավոր մարդիկ ենք և խնդրենք Աստծուց Իր ներողամտությունը, անպայման մեզ էլ կներվեն մեր մեղքերը։ Մեր մեղքերի ներումով ու մեր հավատով նաև կարժանանաք մեր հոգու փրկության։ Ասեք՝ «Մեղավոր եմ, Տեր, ներիր»։