Մտահոգություն… (առակ)

Mtahogutyun - Մտահոգություն… (առակ)

  Մի կանաչ բացատում գտնվող խրճիթի մոտ մի երիտասարդ` մտահոգ ու տխուր, անտարբերությամբ նայում է սեղանի վրա դրված մի կտոր հացին, որի երկու կողմից մի քանի մրջյուններ այն ամեն մեկն իր կողմն է քաշում:
Մոտենում է մի ծերունի և ասում.

 -Ով երիտասարդ, մտազբաղ ու մտահոգ ես` մտքերով ծանրաբեռնված ու հոգեպես լարված…, մտածու՞մ ես, թե ինչպես իրականություն դարձնել նպատակներդ այս աշխարհում… Սակայն նայիր սեղանի վրա դրված հացին և մրջյուններին, որոնք այս փոքրիկ հացի կտորը համարում են մի ամբողջ աշխարհ ու նպատակ, և ամեն մեկն իր կողմն է քաշում ու իրենը համարում:

 Ծերունին վերցնում է հացը, թափ տալիս: Մրջյունները ընկնում են սեղանի վրա ու խուճապահար դես ու դեն վազվզում: Ծերունին հացը դնում է իր գրպանը և շարունակում.

 -Ահա այժմ այս հացը ոչ այս մրջյունինն է, ոչ էլ մյուսինը: Նայիր երկրին, երկնքին ու կտեսնես, որ այս ամենը Աստծունն է և ինչ էլ որ անես կամ չանես, այդ բոլորն էլ Արարչի ձեռքերի անսահմանության մեջ փոքրիկ սահմաններ են և մտահոգվելու ու անհանգստանալու որևէ առիթ չկա, քանի որ կյանքն ու նպատակը Աստծո ձեռքում է, ուստի խաղաղվիր, հանդարտվիր և մի տխրիր: Նախ խնդրիր Երկնքի արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը ավելիով կտրվի քեզ:

 Այնուհետև ծերունին շարունակում է իր ճանապարհը, իսկ երիտասարդը նայում է դեպի հորիզոնը, դեպի երկիրն ու երկինքն և ինքն իրեն հարցնում.
-Իրավ, արդյո՞ք այս ամենն ումն է…

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան