Մշտամրմունջ աղոթք և օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին

 Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։

 «Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։
 ․․․Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:
 Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների», — նշված է Հայոց Հայրապետի ցավակցական գրության մեջ։
 Նորին Սրբությունը հայցել է, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լույս հոգին և արժանացնի երանավետ հանգստյան:

Այլ նյութեր