Մի վարդի պատմություն (առակ)

Մի ծառի ստվերի ներքո մի վարդ էր աճում:
-Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի ու արևի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին, -ասում է վարդը:

 Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը, որոնք ստվերում էին թողել վարդին: Ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները:

 Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում.
-Ինչու են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի:

 Մի քանի օր անց կրկին դժգոհում է.
-Ինչու են այս ճառագայթներն այսքան տաք ու դեղնավուն: Ես ուզում եմ, որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն:

Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են.
-Իրոք, դու ավելի գեղեցիկ ես, քան արեգակը, քեզ անհրաժեշտ է մի արեգակ, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քո հմայքին համապատասխան լինի:

 Այդ օրն այգեպանը մտնում է այգի, քաղում վարդը, նվիրում մի մարդու, որն էլ տանում է և գիշերային մի խաղատան սեղանը զարդարում:
Վարդը հիանում է, ուրախանում, որ վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր, քանի որ այստեղ, թեև փոքր, բայց շատ արեգակներ կային, նույնիսկ գույնզգույն, որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր և այնքան էլ տաք չէին ու նման երկնքի արեգակին: Բայց մի քանի օր անց վարդը թոշնում է ու տխրում` նայելով պատուհանից դեպի իրական արեգակին ու նրա ճառագայթներին…..

 Ահա այսպես էլ կյանքում մարդիկ հաճախ չեն գնահատում այն, ինչը աստվածային նախախնամությունը իրենց է պարգևում, դրա համար էլ երբեմն Աստված ետ է վերցնում այն, ինչը պարգևում է…..

Հովհաննես սարկավագ Մանուկյան