Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ

28 8 880x660 - Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՎ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՏՈՆԻՆ`ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Աստծուց է զորությունն ու փառքն իմ,
Աստված է օգնականն իմ
և Աստծու վրա է հույսն իմ»։

(Սաղմ․ 61:8)

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

 Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան և սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։

 Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ  հավատքի և առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ․ 61:8)։ Արդարև, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն և փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, և հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգև զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության  ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։

 Սիրելի զավակներ Մեր, այսօր մեր և աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը և հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում և վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, և որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել,  մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր․ 6:18-19

 Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ և փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգևոր արժեքների կարևորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետևելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսևորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:

 Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու Մեր հայցին առ Աստված և խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին և Մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: