Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ. Մեր հասարակությունը լիարժեք գիտակից է իրական փաստերի և կեղծ նորությունների վերաբերյալ

Hovakim episkopos 215 - Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ. Մեր հասարակությունը լիարժեք գիտակից է իրական փաստերի և կեղծ նորությունների վերաբերյալ

 Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Facebook սոցիալական ցանցում պատասխանել է հուլիսի 22-ին Eurasianet կայքում հրապարակված հոդվածին, որտեղ հեղինակ Գրիգոր Աթանեսյանը փորձ էր արել ներկայացնել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի նպատակով ստեղծված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գործունեությունը։

 Մասնավորապես, Eurasianet-ի հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել տարիներ առաջ Թբիլիսիում Գարեգին Բ կաթողիկոսի եւ վրաց Իլիա Երկրորդ պատրիարքի հանդիպման հայտնի ձայնագրությանը, շվեյցարական բանկերից մեկում Գարեգին Բ-ի անունով գոյություն ունեցող հաշվեհամարին և այլ խնդիրների, որոնք վերջին տարիներին հետապնդում են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն և որոնց վերաբերյալ պարբերաբար Մայր Աթոռը հանդես է գալիս հայտարարություններով։

 Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն իր արձագանքում գրել է, որ ինքը 2011-ին անձամբ է ներկա եղել Գարեգին Բ կաթողիկոսի և վրաց Իլիա Երկրորդ պատրիարքի հանդիպմանը և փաստում է, որ վրաց պատրիարքի հետ հանդիպման հիմնական նյութը եղել է Վրաստանի տարածքում գտնվող և երկու եկեղեցիների միջև խնդրո առարկա հանդիսացող հինգ առաքելական եկեղեցիների պատկանելության հարցը, որտեղ արդեն տարիներ ի վեր Գարեգին Երկրորդի նպատակն է Մայր Աթոռին վերադարձնել պատմական իրողությունների արդյունքում վրաց եկեղեցու իշխանության տակ հայտնված հինգ եկեղեցիները։

 Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդը գրում է.

 «Ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը։ Քննարկումը ծավալվել է Թբիլիսիում գտնվող հինգ հայկական եկեղեցիների պատկանելության շուրջ, որոնք պետք է վերադարձվեն Վրաստանի մեր թեմին։ YouTube-ում հայտնված կադրերը արվել են երկու հոգևոր առաջնորդների պաշտոնական հանդիպումից հետո, որտեղ պատրիարքները կատակել ու զրուցել են»։ Ըստ Հովակիմ եպիսկոպոսի, անթույլատրելի և ամոթ է շահարկել այդ հանդիպումը, առանց տեղի ունեցածը հասկանալու նույնիսկ մեկ փորձի.

 «Վրացական կողմը արդեն իսկ պատժել է այդ տեսանյութը տարածած անձին»։ Այդ հանդիպումը քննադատող հայ լրագրողը, ըստ Հովակիմ եպիսկոպոսի, պետք է հասկանա, որ «նա քննադատում է իր հոգևոր առաջնորդին Հայաստանյայց եկեղեցու իրավունքները վերականգնելու հետ կապված հարցում»։

 Հովակիմ եպիսկոպոսը գրում է նաև շվեյցարական բանկային հաշվի վերաբերյալ պնդումների մասին.

 «Ես կցանկանայի մի քանի մեկնաբանություն անել այդ հոդվածի վերաբերյալ, քանի որ այնտեղ ներկայացված են կեղծ ու վիրավորական տեղեկություններ։ Դուք միտումնավոր կեղծել եք փաստերը։ Նախևառաջ, խոսեմ շվեյցարական բանկային հաշվի վերաբերյալ. Այդ հաշիվը պատկանում է Հայ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իբրև եկեղեցու առաջնորդ, այդ հաշվի նոմինալ հաշվետերն է։ Ի հավելումն, կան մի քանի այլ ստորագրող կողմեր, որոնցից ոմանք աշխարհական են։ Այդ հաշիվը և դրա գոյությունը բացարձակապես թափանցիկ են եղել։ Այն բացվել է երշանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին, ապա անցել է Գարեգին Ա կաթողիկոսին, հիմա էլ Գարեգին Բ կաթողիկոսի անունով է։ Նրանից հետո էլ նոր կաթողիկոսն է տիրանալու այդ հաշվեհամարին։ Մայր Աթոռը ժամանակին պաշտոնական հայտարարություն է արել այդ մասին։ Այս փաստերը անտեսելով մանիպուլյացիաներ անելը անթույլատրելի է»։

 «Ինչ վերաբերում է ֆանատիկ ու արմատական խմբավորման կողմից եկեղեցու դեմ բարձրացված այլ հարցերին ու ընդհանուր վերաբերմունքին, ես որևէ մեկնաբանություն չեմ անի, քանի որ մեր հասարակությունը լիարժեք գիտակից է իրական փաստերի և կեղծ նորությունների վերաբերյալ», — եզրափակում է իր խոսքը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդը։

Աղբյուր՝ aysor.am