Մենք չենք քաջալերում սուգը, բայց դա չի նշանակում, որ սուգին պետք է հակադրել ցոփությունը․ Շիրակի թեմի առաջնորդը՝ գինու փառատոնի մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ Սարյան փողոցում կազմակերպված գինու փառատոնն աննրբանկատություն է։

«Իհարկե կյանքը շարունակվում է, բայց կյանքը պետք է նախ շարունակվի անձնական գետնի վրա։ Այո, մարդիկ պիտի ամուսնանան, ընտանիք կազմեն, ընտանեկան ուրախություններ անեն, կնունք անեն, ծնունդ անեն, հարսանիք անեն, բայց իշխանությունը պիտի ձեռնպահ մնա նման բաներ կազմակերպելուց և նրբանկատություն պետք է ցուցաբերի»,-ասաց Սրբազանը։

Այն, որ փառատոնին մասնակցել են երեք բարեգործական ընկերություններ, որոնց ստացած հասույթը փոխանցվելու է զոհվածների ընտանիքներին, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, բայց զոհվածների հարզատները վիրավորված են, հետևաբար դա պետք էր նախևառաջ հաշվի առնել։

«Վերջիվերջո, որդեկորույս մայրերի, սևազգեստ մայրերի, ծնողների զգացմունքները պետք է հաշվի առնել, նրբանկատ պետք է գտնվել, այլապես ամեն ինչ էլ կարելի է անել՝ օրենքը չի արգելում։ Բայց օրենքից բացի գոյություն ունի նաև բարոյական օրենք»,-նկատեց Սրբազանը։

Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, ապա սուգը հակացուցված է․ «Սուգը հավերժ չի՝ ընդհակառակը՝ սուգը հակացուցված է։ Մենք չենք քաջալերում սուգը, բայց դա չի նշանակում, որ սուգին պետք է հակադրել ցոփությունը։ Սուգի հակադիրը ցոփություն չէ, սուգի հակադրությունը ժուժկալությունն է, չափավորությունն է, սթափությունն է։ Այո, մենք ասում ենք, որ չարժի ծայրահեղությունների գնալ՝ չարժի ոչ սուգը ծայրահեղացնել, ոչ էլ ուրախությունը»։

Հայկա Ալոյան