Եւ ինչքան մենք արագ ենք վազում, այնքան ավելի միայնակ ենք մեզ զգում

Ժամանակի կարճացումը, որը մենք բոլորս այսօր զգում ենք, իրականում ռեալ փաստ է եւ այն չի հակասում Ավետարանի մարգարեական խոսքերին: Սուրբ Գիրքը զգուշացնում է , որ վերջին օրերին ժամանակը պիտի կարճացվի. «Եւ եթե Աստված այդ օրերը իր ընտրյալների համար չկարճեր, ոչ մի մարդ չեր ազատվի. բայց Նա իր ընտրյալների պատճառով, որոնց ընտրեց՝ կարճեց այդ օրերը»: Մարկ.13;20
Ժամանակը սլանում է շատ արագ, ավելի արագ քան առաջ: Դուք նկատե՞լ եք այդ: Մենք ժամանակ չունենք գիրք կարդալ, մտածել մեր մասին, հանդիպել ընկերներին, հարազատներին, ժամանակ չի մնում՝ նույնիսկ երեխաներով զբաղվելու եւ սեփական կնոջ հետ զրուցելու:
Գիտնականներն անգամ սկսեցին չափել ժամանակի կարճեցումը: Թեեւ հեշտ չէ չափել այն, ինչ ծառայում է ամեն ինչի գոյության չափանիշ: Քանզի չկա որեւէ վիճակ կամ շարժում, որի մեջ ներկա չլիներ ժամանակը, որպես զգացում անցնող մի բանի: Նրանք եկան եզրակացության, որ հայտնի չէ թե ինչպիսի հաշվարկների արդյունքում այսօր, 24 ժամը անցնում են նույնպես արագ, ինչպես առաջ անցնում էին 16 ժամը: Այսինքն, մենք արդեն կորցրեցինք մեր ժամանակի մեկ երրորդ մասը: Եւ ոչ միայն գիտնականներն են նշում այն. սուրբ հայրերը, մերօրյա ճգնավորները վկայում են նույնը. ժամանակն այսօր շատ ավելի արագ է ընթանում, քան առաջ:
Բոլոր պրոցեսների արագությունը ավելացավ, սակայն այնուամենայնիվ ժամանակը կարճացավ: Կարծես տեղի է ունենում սպասվածից հակառակ մի բան: Անցյալ դարից մեզ համոզում էին, որ տեխնոլոգիական առաջխաղացումը կբերի այն բանի, որ մեքենաները կփոխարինեն մարդու աշխատանքը որի արդյունքում ազատ ժամանակը կավելանա: Այո, լվացքի մեքենան այսօր թեթեւացնում է կնոջ աշխատանքը, սակայն նա ավելի է տանջվում ժամանակ չունենալու սթրեսից, քան երբ լվացքը գետի ջրում էր անում:
Նախկինում մարդիկ դանդաղ էին տեղաշարժվում, պատվով էին գործում ամեն ինչում, ինչ հարկավոր էր անել օրվա ընթացքում: Օրը սկսում էին առավոտյան աղոթքով եւ ավարտում երեկոյան, ճաշի սեղանին «Հայր մեր» էին ասում եւ չէին սկսում որեւէ գործ առանց խաչակնքելու: Այսինքն, մարդ ամեն պահին գտնում էր ազատ րոպեներ Աստծուն խոսք ասելու, եւ որպես պատասխան՝ հոգում վստահություն ստանալ, որ ինքը մենակ չէ: Նրա կյանքը թեեւ ծանր էր, ելեւէջներով (ինչպիսին եւ պիտի լինի ամեն մարդու կյանքը, որպեսզի կարողանա մի բան սովորել), սակայն բովանդակալից: Սա գոյություն էր լեցուն կյանքի ապրումով:
Այսպիսով, մարդը մնում է միայնակ: Ոչ միայն նրա համար, որ Աստված այլեւս իր հետ չէ , այլ նա արդեն մնացած մարդկանց, ընկերներին, եղբայրներին, կնոջը կամ ամուսնուն իրեն մոտիկ չի համարում: Դա այդպես է, որովհետեւ վազքի մեջ ամեն մարդ իր ռիթմը ունի, այլ կերպ ասած, աճապարանքի մեջ դու նայում ես միշտ առաջ, թե ինչ պիտի լինի հետո, հուսալով, որ գալու է ժամանակը երբ դու կհանգստանաս: Բայց կյանքը անցնում է արագ, գալիս է հիվանդություն, գալիս է նաեւ մահը, ավելի շուտ, քան դու սպասում էիր, այդ ցանկալի հանգստությունից ավելի շուտ եւ չի թողնում քեզ գտնել հանգիստ, վերադառնալ սեփական անձին:
Եւ քանի որ մեր հասարակության օրերի եւ տարիների հաջորդականության ռիթմը երկարատեւ հեռացնում է մեզ սեփական հոգու կյանքից, մենք հասնում ենք նրան, որ սովորում ենք այդ վիճակին եւ չենք զգում հոգին, կարծես այն գոյություն չունենար:
Ժամանակակից հասարակության ապրելակերպի ճարտարապետները, մեքենային ենթարկված մարդկության բիոտեխնոլոգները երեւակայեցին իբր մարդուն կարելի է մշակել այնքան, որ նա կդառնա ռոբոտ, ծրագրավորվող համակարգիչ, որը օպերատիվ կերպով կկատարի համակարգի հրամանները: Եւ սկսեցին իրականացնել այդ ծրագիրը: Սակայն մարդու բնությունը հնարավոր չեղավ ամբողջությամբ փոխել: Մեքենաների եւ ինֆորմացիայի աշխարհում, սեփական հոգուց օտարացած մարդիկ տառապում են՝ չհասկանալով պատճառը: Նրանց մեծամասնությունը չի էլ իմանում որ հոգի ունի: Ապա ինչպես պիտի ճանաչեն նրան եւ հասկանան նրա տառապանքը: Սրանք նման են հիվանդի, որը զգում է ցավ, թուլութ -յուն, գլխապտույտ, հոգնածութ- յուն, բայց չի կարող ասել բժշկին, թե որտեղի՞ց են առաջանում նրա ցավերը:
Տառապանքը, որ կրում է մարդկանց մեծամասնությունը, եւ որը ստիպում է շատերին գցվել զանազան մեղքերի ոլորապտույտի մեջ, սերտ կապ ունի ժամանակի հոսքի այն ցավոտ զգացողության հետ, ժամանակի որն արդեն չի համբերում մեզ: Չի համբերում, որովհետեւ ժամանակը արդեն չի չափում մեր կյանքը Աստծո՝ կյանքի եւ ժամանակի աղբյուրի հետ: Սա տանջալի մի ժամանակ է, որը ցույց է տալիս մեզ Աստծուց բաժանված եւ դատարկ մրցավազքից հոգնած լինելու չափանիշը: Եւ ինչքան մենք արագ ենք վազում, այնքան ավելի միայնակ ենք մեզ զգում: Այստեղ օղակը փակվում է: Եւ որքան ավելի մեզ միայնակ ենք զգում, այնքան ավելի ծանր է մեզ տանել ժամանակի տանջալի ընթացքը, որը զուրկ է իր բովանդակությունից եւ ուրախությունից: Այնպես որ մենք ավելի ու ավելի ենք շտապում, խրվում ենք գործերի մեջ՝ ինչպես ավազի, տարբեր հոգսերի ու զբաղմունքների մեջ, իսկ հանգստի սակավ րոպեներին, երբ մենք մնում ենք մեր անձի հետ միայնակ, ավելի դաժան է դառնում, եւ մենք սկսում ենք ամեն ինչ նորից: Դրա համար էլ ստեղծվեց հեռուստացույցը, որպեսզի լրացնի այդ անսպառ միայնակությունը, որը զգում են այսօրվա մարդիկ, որոնք անտեսեցին Աստծուն, մոռացան նրան եւ ուրացան: Հեռուստացույցը, թերթերը, համացանցը, սենսացիա, էրոտիկ պատկերներ եւ բռնություն, էմոցիոնալ ցնցումներ. այս ամենը նրա համար է, որ ստիպի մեզ մոռանալ այն մասին, որ մեր կյանքը շատ կարճացել է եւ դարձել տանջալի: Ապրում ենք, բայց կարծես չենք էլ ապրում սեփական կյանքով:
Խնդրում եմ, կանգ առեք մի պահ այս դատարկ մրցավազքի մեջ: Մեզ պետք է վերագտնել կորցրած ժամանակը, կրկին վերադարձնել այն: Ինչպե՞ս: Հնարավորինս հաճախ մասնակցելով Սուրբ Պատարագին: Մեր հոգու կյանքի ժամանակը հագենում է ինչպեսեւ այս աշխարհում ամեն արարածը, Աստծո շնորհով, տվյալ դեպքում՝ Արքայության ժամանակից: Փորձե՛ք դա անել, եւ դուք կտեսնեք ինչպես կփոխվի ձեր կյանքը:
Խնդրում եմ ձեզ, ձեռք բերեք ձեր ժամանակը համբերությամբ կանգնելով խոստովանության ժամանակ: Չէ որ մեղքն է գլխավոր պատճառը մեր կյանքի ժամանակի կրճատման: Աստված չի տալիս մեզ ավել ժամանակ, որպեսզի մենք չշատացնենք մեր մեղքերը, որոնց մեջ հարատեւում ենք:
Ձեռք բերեք ժամանակը, որքան կարելի է հաճախ կանգ առնելով օրվա ընթացքում, որպեսզի արտասանեք՝ Տե՛ր, ողորմի՛ր:
Մեզ պետք է վերստին շահել ժամանակը՝ դառնալով առաջվա պես զգայուն մեր ընկերների, բարեկամների, հարեւանների եւ դրսի մարդկանց ցավին եւ դժբախտությանը, իսկ ավելի զգայուն մեր սրտի ձայնին, այրիացած ու վշտացած, կարծես թե մեռել ենք՝ թաղվելով հոգսերի եւ աստվածազուրկ գոյության անիծյալ հաճույքների մեջ:
Խնդրում եմ ձեզ, ականջի ետեւը մի գցեք այս խոսքերը, չէ որ մենք չգիտենք, թե որքան դեռ պիտի մեզ համբերի Աստված:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց` Տեր Ընծա քհն. Միրզոյանը

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»