Մեղքերի եւ մոլությունների ազդեցությունը մարդու առողջության վրա

Եկեղեցին բոլոր ժամանակներում անտարբեր չի եղել մարդու թե՛ հոգեկան, եւ թե՛ մարմնական առողջության նկատմամբ ու երբեք չի զրկել նրան իր հոգատարությունից: Սկսած մարդու ծննդից մինչեւ գերեզման եւ անգամ այս աշխարհին հրաժեշտ տալուց հետո Սուրբ Եկեղեցին մըշտապես աղոթում է նրանց անմահ հոգիների հանգըստության համար երկնային օթեւաններում, ուր չկա ցավ, տառապանք ու հեծություն:

 Չժխտելով բժշկությունը եւ խոչնդոտներ չստեղծելով նրա զարգացմանը` Եկեղեցին միեւնույն ժամանակ իր կողմից քրիստոնեական վերաբերմունք է դաստիարակում հիվանդության նկատմամբ, որովեւ օժտում է մարդուն տառապանքը համբերությամբ տանելու կարողությամբ:

 Ամբողջ աշխարհում մարդիկ հիվանդանում են, տառապում եւ մահանում, բայցեւ` բոլորը փնտրում են բժշկություն այդ թվում նաեւ քրիստոնյաներս: Մարդիկ մեծամասամբ չեն ցանկանում ընդունել, որ հիվանդության պատճառը նրանց մեղսական հակումների մեջ է, ինչի մասին Աստվածաշնչում պարզ եւ բազմիցս ասվում է: Այստեղ հակաճառողները կասեն, թե հիվանդությունները սրբերին էլ են հատուկ, որ արժանանան փառաց պսակների, կամ պատահում են Աստծո հատուկ նախախնամությամբ` որպես խոչընդոտ մարդու մեղսածին ցանկությունների իրականացման, կամ պատճառ են հանդիսանում Աստծո ամենակարողությունն ու ողորմությունը ճանաչելու, նաեւ` որպես մեղքերի քավություն, որպեսզի թեթեւանա հետմահու վիճակը:

 Ակնհայտ է, որ եթե մարդ հիվանդությունը տանում է զվարթ սրտով` երկնային վարձքի համար է, եթե ընկնում է մտածմունքի մեջ` խրատվելու համար է, իսկ եթե սրտնեղվում է` ուրեմն պատիժ է կրում: Կան նաեւ մասնավոր դեպքեր, որոնք Եկեղեցու սուրբ հայրերը մեկնաբանում են` որպես Աստծո հատուկ նախախնամություն:

 Մանուկների հիվանդությունների պատճառների ծագումը առանձին զրույց է: Մի կողմից, մանուկները անմեղ են եւ չեն գալիս խոստովանության մինչեւ գիտակից հասակը, սակայն մյուս կողմից` ծնողների մեղքերի համար հատուցվում է մինչեւ երրորդ սերունդ: Արդյո՞ք նշանակում է դա, որ մեկը պատժվում է ուրիշի հանցանքի համար: Իհարկե ոչ: Երեխաները տառապում են այն պատճառով, որ ծնողները վնասեցին սեփական հոգին ու մարմինը մեղքով, եւ այդ ապականված վիճակը ազդեց երեխայի ձեւավորման ու զարգացման վրա: Դրա ամենացայտուն օրինակը այն է, թե ինչ է կատարվում հարբեցողների երեխաների հետ` բժիշկը այստեղ մեղավոր չէ, որ երեխան հաշմանդամ է ծնվում, այլ դա հետեւանք է, որ ծնողները չեն ենթարկվել բժշկի ցուցումներին: Սուրբ Գրքի մեջ ասվում է, որ հատուցվում է սերունդներին, բայց ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես զգուշացում, որ ապագա երեխայի հիվանդության հիշեցումը ինչ-որ կերպ կասեցնի ծնողների մեղքերի ընթացքը: Բացի այդ դեպքից, ծնողները փոխանցում են ժառանգներին իրենց բնավորության գծերը, ինչպես դրական, այդպես էլ` բացասական, իսկ վերջիններս հետագայում զարգանալով կարող են առաջացնել հիվանդություն: Նաեւ` զարգացող երեխայի հիվանդության առաջացումը արդյունք է ծնողների մեղքերի բարոյազգացմունքային ազդեցության, որը սկսվում է արտահայտվել երեխայի վրա դեռ ներարգանդային շրջանում: Այնպես որ, ծնողների մշտական հոգեկան վիճակներն ու ժամանակավոր տրամադրությունները ազդում են երեխայի ձեւավորման վրա` հետք թողնելով նրա հոգու մեջ, այսպիսով գործում են ոչ միայն ծնողների որակները, այլ նաեւ` ամեն մերձավոր մարդու:

 Բոլոր դեպքերում տառապող մարդը փնտրում է ազատագրում տառապանքից: Հեշտ է գտնել հիվանդության եւ տառապանքի պատճառը, եթե լավ գիտես մարդու կազմությունը, իսկ բուժման միջոցը` եթե հայտնի է, թե տվյալ մարդու շրջապատում ի՞նչ է նպաստում եւ ի՞նչ է խանգարում նրա ապաքինմանը:

 Սուրբ Եկեղեցին այս ամենը ուսուցանում է, եւ ճիշտ է դիմել նրա բազմադարյա փորձին` գտնելու նման հարցերի պատասխանները:

 Մարդը բախկացած է հոգուց եւ մարմնից: Հոգին իր գործունեության մեջ օժտված է մտավոր, ցասմնական , եւ ցանկական ուժերով, իսկ հոգուն ենթակա մարմինը` ֆիզիկական ուժերով ու զգայարաններով: Ցանկացած հոգեկան դրսեւորում` դրական կամ բացասական, մարմնավորվում է` արտահայտվում է մարդու պահվածքի մեջ: Սուրբ հայրերը ասում են, որ հոգու մեջ տպավորվածը փնտրում է իր մարմնավորվումը արտաքինում: Ինչպիսի հոգեկան որակների եւ վարքագծի դրսեւորումներ կմարմնավորվեն երիտասարդ դյուրընկալ հոգիներում այն տեսահոլովակներից, որոնք հրամցվում են հեռուստաէկրաններից. պատկերացնելն անգամ սոսկալի է: Դեռ հնում մեծերն ասում էին, որ երիտասարդ հասակում ուսուցանելը նույնն է, ինչ քանդակել քարի վրա, իսկ ծեր հասակում ուսուցանելը` նկարել ավազի վրա:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց Տեր Ընծա քհն. Միրզոյանը