Մայր Աթոռում սկսվեց «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» կոնֆերանսը

 Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ջանքերով` համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, իր աշխատանքը սկսեց «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը:

 Կոնֆերանսին մասնակցում էին թանգարանագետներ, արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից և Ֆինլանդիայից:

 Համաժողովը բացվեց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքով: Տեր Հայրը տեղեկացրեց, որ մինչ օրս որևէ վայրում, որևէ հաստատության հովանու ներքո ի մի չեն ժողովվել կրոնական թանգարանները, ավելին, որևէ կերպ լսելի չէ նրանց հավաքական ձայնը:  Անդրադառնալով կրոնական թանգարանների առաքելությանը նա մասնավորապես նշեց. «…Կրոնական թանգարանները, մեր խորին համոզմամբ, հենց այն հոգեղեն աղբյուրներն են, որոնց աստվածային ջուրը հոսելով գալիս լցվում է մարմինների մեջ՝ կատարելագործելով, ձևավորելով մարդկային անձը: Եվ այսպես մարդը ճանաչում է իր աստվածային ծագումն ու կոչումը, գիտակցում, որ «ամենայն տուրք բարիք և ամենայն պարգևք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ», որով և իր անձնական նպաստն է բերում «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հաստատմանն ու պահպանմանը: Իսկ այդ ամենով հանդերձ, կրոնական թանգարաններն իրենց առաքելությամբ մարդու առջև բացում են աստվածային մշակույթի դռները և նրան հայտնում ճշմարտությունը: Արդարև, երբ մարդ գիտակցեց, որ ինքն աստվածային մշակույթի ստեղծագործությունն է, նա իր արարելու կարողությունը, ինչպես Արարիչն Աստված, կծառայեցնի բացառապես բարին կերտելու, բարություն ու սեր սփռելու և լուսավորելու համար»: Ասողիկ քահանա նաև ընդգծեց, որ որևէ կրոնական թանգարան կոչված է միջմշակութային ու միջկրոնական երկխոսության մեջ լինելու վառվող ճրագ` հաստատելով, որ այսօր, առավել քան երբևէ, միջազգային հարաբերություններում մշակութային քաղաքականությունն առավել զորեղ է, առավել ներգործող է ու արդյունավետ, քան որևէ այլ միջոց:

 Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Ողջույնի խոսք ասացին նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային ծրագրի տնօրեն դոկտոր Թոմաս Շրապելը, ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը և Թանգարանների միջազգային կոմիտեի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը:

 Կոնֆերանսի առաջին օրը զեկույցներով հանդես եկան ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը («Կրոնների առաքելությունն անցյալում և այսօր»), Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու թանգարանի տնօրեն Թերեզա Թոնսը («Սանդուխք դեպի սրբություն. Թանգարան, որ ունի հոգի»), Սերգիև Պոսադի պատմության և արվեստի պետական-արգելոց թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Նիկոլաևան («Թանգարանային ցուցահանդեսներն ու դուցադրությունները որպես հասարակության մեջ պատմական և մշակութային փոխհարաբերությունների բազմազանություն: Սերգիև Պոսադի պատմության և արվեստի պետական-արգելոց թանգարանի փորձը»), Իտալիայի եպիսկոպոսական ժողովի եկեղեցական-մշակութային ժառանգության ազգային գրասենյակի տնօրեն Վալերիո Պենասսոն («Եկեղեցական թանգարանը միջնորդության և փոխհարաբերությունների մշակութային գործիք է: Իտալիայի եկեղեցիների ժառանգության արժևորումը»), ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կցորդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին («Թանգարանների ցուցահանդեսները որպես ազգերի միջև խաղաղության հաստատման միջոց») և Սանկտ Պետերբուրգի Աստվածաբանության Ակադեմիայի եկեղեցա-հնագիտական թանգարանի տնօրեն Ելենա Նիկոլաևան («Սանկտ-Պետերբուրգի աստվածաբանական ակադեմիայի եկեղեցա-հնագիտական թանգարան. Ծագման պատմություն և զարգացման հեռանկարներ»):

 Օրվա նիստերից հետո կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, մասնակցեցին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում կազմակերպված «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների համերգին:

 Կոնֆերանսը կշարունակվի նաև հոկտեմբերի 31-ին:

 Երկու նիստերի ընթացքում կներկայացվեն հետևյալ զեկույցները՝ «Կրոնական մշակույթի աջակցությունը միջազգային խաղաղության և հանդուրժողականության հաստատման գործում» (Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան Ֆելլեր), «Կրոնական պատմության պետական թանգարանը որպես տարբեր կրոնական ուղղությունների երկխոսության հարթակ» (Սանկտ Պետերբուրգի կրոնական պատմության պետական թանգարանի ուղղափառության բաժնի ղեկավար Սվետլանա Նիկոլաևա) և «Քրիստոսի չարչարանքների պատմությունները հայկական պատկերագրության մեջ: Քրիստոսաբանական թեմայի զարգացումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի գանձերում» (Հռոմի համալսարանից Ռաչելե Զանոնե):