Մայր Աթոռում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)

5 6 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)

Հունվարի 5-ին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Ս. Պատարագի սկսվելը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Ս. Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ս. Ծննդյան խորհրդին։ «Փրկչի Սուրբ Ծնունդը մի իրադարձություն է, որ հեղաշրջեց մարդկության պատմությունը, իրադարձություն, որ ջերմացրեց սառած հոգիները, փշրեց քարացած սրտերը և բացեց հորիզոնը ապագայի՝ հույսով լուսավորված ապագայի։
Այսօր մենք դառնում ենք հովիվներ, որ փառաբանում են Փրկչին, դառնում ենք Արևելքից ճամփորդած իմաստուններ, որ երկրպագում են ու ընծաներ մատուցում Մանուկ Հիսուսին: Այսօր մենք հաղորդակցվում ենք Աստծո մարդեղության` զոհաբերության մեծագույն խորհրդին։
Աստծո զոհաբերությունը մարդկանց համար սկսվում է ոչ թե Գողգոթայից, այլ Սուրբ Ծնունդից։ Երևակայությունն անգամ անզոր է Աստծո մարդեղության հրաշքի առջև։ Աստված, որ աներևույթ է, դառնում է երևելի: Աստված, որ անսահման է, դառնում է սահմանավոր: Տիեզերքը տեղավորվել է հյուլեի մեջ, ծառը ամփոփվել` պտղի պատյանում։ Մի՞թե հրաշք չէ սա, մի՞թե կա ավելի մեծ զոհաբերություն, քան մեծությունից կամավորապես փոքրանալը, բարձրությունից խոնարհվելը։
Մարդիկ միտք ու հոգի են մաշում, գիշերը ցերեկին խառնում վեր բարձրանալու, մեծության հասնելու, հասարակական դիրք ու ծառայողական առաջընթաց ունենալու, մինչդեռ Աստված աներևակայելի Իր բարձրությունից խոնարհվում է ու մարդկային մարմին զգենում։ Շատերի համար անհասկանալի է Քրիստոսի զոհաբերության խորհուրդը։ Մարդ, որ հնարամտության ու հաջողվածության արդյունք է համարում ուրիշին զոհելը, նվաճելը, զավթելը, կուտակելը, չի կարող հասկանալ զոհվելու, նվիրվելու և բաժանելու արժեքը», — նշեց Արշակ Սրբազանը:
Այնուհետև Սրբազան Հայրը, խոսելով մարդու հանդեպ Աստծո դրսևորած սիրո մասին, ընգծեց, որ մարդկանց հանդեպ անսահման սերն է, որ Աստծուն դարձրեց մարդ, երկնքից իջեցրեց երկիր, բարձրությունից խոնարհեցրեց, մեծությունից փոքրացրեց։ «Սերն առանց զոհաբերության, միևնույնն է, թե արևն առանց ջերմության։ Զոհաբերությունը սիրո բովանդակությունն է, իմաստն ու ամբողջությունը։ Սիրել Աստծուն, սիրել Հայրենիքը, սիրել ընտանիքին կամ բարեկամին, առանց պատրաստ լինելու զոհվել նրանց համար՝ նշանակում է դատարկախոսությունը դարձնել մասնագիտություն, նշանակում է խոսել, անվերջ խոսել սիրո մասին, բայց չսիրել։ Սիրել, նշանակում է նվիրվել, սիրել, նշանակում է զոհվել, զրկվել, զիջել, չբարկանալ ու չնախանձել։ Սիրել այնպես, ինչպես Քրիստոս սիրեց, սիրել անմնացորդ ու անպայմանավոր։ Աստված չսիրեց մարդկանց նրա համար, որ նրանք կատարյալ էին ու զերծ թերություններից, այլ նրա համար, որ այդ սերը փրկություն դառնա նրանց համար և ազդու պատգամ սթափության և զգոնության՝ հրաժարվելու անօրինություններից ու ապականություններից։ Սիրեց, որ մարդիկ Իր օրինակով ձգտեն բարուն, լուսավորին, ձգտեն սրբությանն ու անապականությանը», — ասաց Արշակ եպիսկոպոսը՝ հավելելով, որ մարդկության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ թշվառությունը, աղքատությունը, գաղթականությունը, պատերազմները, ահաբեկչությունը, ծագել են սիրո ու զոհաբերության ոգու պակասից:
Դիմելով ներկա հավատացյալ ժողովրդին՝ պատարագիչ Սրբազանը հորդորեց հետևել Տիրոջ օրինակին, ուժ առնել աստվածային Իր սիրուց։ «Մենք մի ժողովուրդ ենք, որ դարերով վկայել ենք մեր սերը Աստծո և մարդկանց նկատմամբ, նախընտրել ենք զոհվել, քան թե զոհել, նվիրվել, քան թե նվեր ստանալ, և դա մեզ երբեք չի տկարացրել, այլ ընդհակառակը, դարձել է մեր գոյատևման գրավականն ու երաշխիքը։ Մեր սիրո մեջ երբեք կեղծիք խառնված չի եղել, այլ այն շաղախված է եղել զոհաբերությամբ, խնամատարությամբ ու սրտակցությամբ։ Մեր երջակությունը մենք գտել ենք զոհաբերության ու նվիրաբերության մեջ», — ասաց նա:
Ս. Պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, բարձրանալով Ավագ Սուրբ Խորան՝ վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որպեսզի կենսատու լույսը բաշխվի Մայր Տաճարում գտնվող հարյուրավոր հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Հին Վեհարան, ուր կատարվեց Սուրբ Ծննդյան առաջին տնօրհնեքի արարողությունը:
Սուրբ Պատարագին ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ։

5 1 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 2 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 3 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 4 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 6 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 7 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 8 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 9 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 10 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 11 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 12 1 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 13 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 14 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)5 15 - Մայր Աթոռում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ (նկարներ)