Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)

15 1 880x660 - Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)

 Սեպտեմբերի 14-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և  Ամենայն ՀայոցԿաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որին քննարկվեց Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքը։

 Ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Միածնաէջ Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկման նպատակով նիստին մասնակցելու հրավերին ընդառաջելու համար: Նորին Սրբությունը գնահատանքով ընդգծեց այս ընթացքում համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ ճարտարապետների և շինարարների մասնավոր ուշադրությունը։

 Ժողովին նախագծի գլխավոր կոնստրուկտոր, դոցենտ, տ.գ.թ. Ա. Արզումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգման և մասնակի ամրակայման կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքներն ու խնդիրները և դրանցից բխող նախագծային լրամշակումներն ու առաջարկները։

 Խորհուրդը մասնավոր քննության առավ Մայր Տաճարի ներքին կոնստրուկցիաների ամրացումների ընթացքում առաջացած խնդիրների լուծումների, հարավային զանգակատան հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հենարանային մասի կոնստրուկցիաների ամրացումների և արևելյան զանգակատան կոնստրուկտիվ համակարգի վերականգնման առաջարկությունները:

   Քննարկումների արդյունքում Ճարտարապետական խորհուրդը,  հիմք ընդունելով Մայր Տաճարի նորոգման և մասնակի ամրակայման աշխատանքների ընթացքում կատարված հետազոտական և լրամշակված նախագծային հիմնական լուծումները, և, հաշվի առնելով տաճարի բացառիկ հոգևոր և պատմամշակութային արժեքը, հեղինակային խմբին թելադրեց կոնստրուկտիվ միջամտությունների պարագայում հնարավորինս զերծ մնալ կառույցի առավելագույն ամրացմանը միտվող էական կոնստրուկտիվ փոփոխություններից և պահպանել քարե կոնստրուկցիաների ավանդական աշխատանքային սկզբունքը։

15 3 - Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)15 1 - Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)15 2 - Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)