Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատմության փառահեղ մի էջ» խորագրով ժողովածուն

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի սեղանին է դնում «Պատմության փառահեղ մի էջ» խորագրով ժողովածուն, որը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության, թերեւս, ոչ ամբողջական լուսաբանման հերթական աշխատանքն է: Այն յուրահատուկ ժողովածու է, որում ի մի են բերված «Էջմիածին» ամսագրում և «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթում 1999-2019 թթ․ ընթացքում Վեհափառ Հայրապետին տարբեր հոբելյանական առիթներով ուղղված շնորհավորականները, խոսքերը և նրա բազմոլորտ գործունեությանն առնչվող գիտահանրամատչելի հոդվածները:

 Ժողովածուի նյութերը կարևոր են, քանի որ արտացոլում են միջեկեղեցական, միջկրոնական, քաղաքական, հասարակական, մշակութային և գիտական ոլորտի նշանավոր անձանց և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխհարաբերությունները Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալության նշված տարիների ընթացքում:

Ժողովածուն առանձնակի կարևորվում է նաև Վեհափառ Հայրապետի գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող գիտահանրամատչելի հոդվածների շնորհիվ, որոնք, ըստ էության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 20-ամյա գործունեության ամփոփումն են՝ գրված տարբեր հեղինակների կողմից և հրապարակված տարբեր տարիների:

Ժողովածուն կազմված է խնմաքով՝ առանձնացված են թեմային առնչվող նյութերը՝ հեշտացնելով հետաքրքրված մասնագետների եւ ընթերցողների գործը․ նյութերը, պարբերականներում ցրված լինելով 20 տարիների տարբեր համարներում, հնարավորություն չէին տալիս պատկերը լիարժեք տեսնելու, իսկ սույն ժողովածուի տպագրությամբ դա հնարավոր է լինում։
Հատորը կազմել է ԳՀՃ փոխտեսուչ Արժանապատիվ Տ․ Գաբրիել քհն․ Վարդանյանը։
Գիրքը տպագրվել է տիար Հրաչյա Պողոսյանի (Ս․ Պետերբուրգ) մեկենասությամբ։