Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ալեքսանդր ավագերեց Մենի «Հին Կտակարանի ներածություն» աշխատությունը։
Այս հրատարակությամբ ներկայացնում ենք Հին Կտակարանի Ներածությանը նվիրված 20-րդ դարի հայտնի աստվածաբան Ալեքսանդր քահանա Մենի (1935-1990) «Исагогика. Ветхий Завет» գրքի հայերեն թարգմանությունը։
Հին Կտակարանի ներածությունն աստվածաշնչագիտության բաժին է, որ ուսումնասիրում է Հին Կտակարանի կանոնը, բնագրերը, առանձին գրքերի ստեղծման պատճառները, բովանդակությունը, ժամանակագրությունը, առանձնահատկությունները, մեկնաբանական եղանակները։ Հին Կտակարանի ներածությունը նախորդում է Հին Կտակարանի մեկնաբանությանը, որ մեկնաբանական անսահման աշխարհը մտնելու նախադուռն է։
Գիրքը նախատեսված է Աստվածաշունչ Մատյանով հետաքրքրվողների լայն շրջանակի համար, գրված է ուսումնական ձեռնարկի սկզբունքներով և կարող է օգտագործվել որպես այդպիսին հոգևոր-կրթական հաստատություններում։
Թարգմանությունն իրականացրել են Արշակ Մադոյանը (ավագ) և Գևորգ Մադոյանը, մասնագիտական խմբագիրն է Տ․ Ղևոնդ ավ․ քհն․ Մայիլյանը։
Հատորն ունի հավելված և օժտված է անվանացանկերով և քարտեզներով: