Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն (նկարներ)

Հունիսի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանը՝ «Կ․Պոլսո պատրիարքության վանական/դպրեվանական կյանքը» թեմայով:

Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պաշտպանության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց իր վարդապետական թեզը, պատասխանեց հանձնաժողովի անդամների ու ներկաների հարցերին:

Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանին շնորհելու մասնավոր վարդապետության աստիճան:

Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության հատուկ արարողություն։